Կադաստրի աշխատողին մեղադրանք է առաջադրվել

Կադաստրի աշխատողին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ճամբարակ» ստորաբաժանման նախկին ղեկավարի մասով նախաքննությունը: Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ժ. Ստեփանյանը 1999թ սեպտեմբերից մինչև 2011թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ղեկավարել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ճամբարակ» ստորաբաժանումը, որի ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքների գրանցման գործընթացում խախտել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները:

Մասնավորապես` 2009-2011թթ. ընթացքում պաշտոնեական փաստաթղթերում` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում, ակնհայտ կեղծ տեղեկություններ, այլ ամսաթվով գրառումներ կատարելու, ինչպես նաև ստորադաս աշխատակիցներին ապօրինի և ծառայության շահերին հակառակ ցուցումներ տալով և այլ անօրինական եղանակներով մի շարք ֆիզիկական անձանց անվամբ ապօրինի գրանցել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները, նրանց տրամադրել իրավունքի պետական գրանցման վկայականներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ժ. Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---