Հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված գրքի շնորհանդես է տեղի ունեցել Գրացում

Հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված գրքի շնորհանդես է տեղի ունեցել Գրացում

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿO-ի կողմից Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման և Հայ հնատիպ գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հունվարի 17-ին, Գրացի Հոգևոր սեմինարիայի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Հայաստանի պատկերը Գրացի համալսարանի գրադարանի հավաքածուներում պահվող ձեռագիր և տպագիր գրքերում. Հայկական տպագրության 500-ամյակը» գրքույկի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչն էր Ավստրիայում գործող PRO ORIENTE կրոնական իրավունքի հիմնադրամը` օժանդակությամբ Ավստրիայի Շթայերմարկ երկրամասի կառավարության, Գրացի Կարլ Ֆրանց համալսարանի, Կաթոլիկական կրթության հաստատության և Գրացի հայ եկեղեցական համայնքի:

Գրքի հղացման մասին խոսք ասաց և նրա բովանդակությունը ներկայացրեց Գրացի համալսարանի Ձեռագրագիտության բաժանմունքի վարիչ, համալսարանի կազմում գործող VESTIGIA հետազոտական կենտրոնի ղեկավար դր. Պրոֆ. Էրիխ Ռենհարտը, ով նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերի թվայնացման գործի կազմակերպիչներից է, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում մասնավորապես անդրադարձավ Մատենադարանի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի, ինչպես նաև Վիեննայի Մխիթարյան միաբանության հետ հայագիտության մարզում Գրացի համալսարանի արդյունավետ համագործակցության խնդրին, կարևորեց և բարձր գնահատեց Մատենադարանի ձեռագիր հավաքածուների թվայնացման գործում համալսարանի Ձեռագրագիտության բաժանմունքի և նրա վարիչ Էրիխ Ռենհարտի բերած մասնագիտական ու անձնական նպաստը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---