ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խումբը խոստանում է լինել օբյեկտիվ

ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խումբը խոստանում է լինել օբյեկտիվ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խմբի անդամներին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Էդուարդ Շարմազանովը ողջունել է դիտորդներին՝ կարևորելով նրանց առաքելությունը: Նա հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանությունները վճռական են տրամադրված՝ անցկացնելու արդար ու թափանցիկ ընտրություններ, քանզի երկրի կայունությունն ու առաջընթացը մեծապես պայմանավորված են լինելու Հանրապետության նախագահի ժողովրդավարական ընտրություններով: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև թեկնածուների առաջադրման, գրանցման, նախընտրական գործընթացների օրինականության խնդրին, Ընտրական օրենսգրքով նախատեսված դրույթների կիրառման անհրաժեշտությանը՝ դիտորդների ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ նախընտրական այս շրջանում թեկնածուների համար ստեղծված են հավասար մեկնարկային պայմաններ:

ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ դիտորդական խմբի համակարգող, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոն և ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևը բարձր գնահատեցին Հայաստանի ժողովրդավարական զարգացումները վերջին տարիների ընթացքում: Նրանց գնահատմամբ՝ ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումները միանգամայն հնարավորություն են տալիս անցկացնելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ, և համոզմունք են հայտնել, որ իշխանությունները կդրսևորեն բավարար քաղաքական կամք` օրենսգրքի տառին ու ոգուն համապատասխան իրականացնելու փետրվարի 18-ին նախատեսվող ՀՀ նախագահական ընտրությունները: Նրանք նաև հավաստիացրել են, որ իրենց գնահատականները լինելու են օբյեկտիվ, ինչը կարձանագրվի ընտրություններից հետո նախատեսվող ամփոփիչ եզրակացության մեջ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում արձանագրած առաջընթացն ու հաջողությունները կամրապնդվեն նախագահական այս ընտրություններում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---