ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ

PanARMENIAN.Net - Հայ քաղաքական գործիչները ստացել են Վենետիկի Հանձնաժողովի դիտողությունների նախագիծը Հայաստանի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: «Սահմանադրական փոփոխությունների վերանայված նախագիծը ավելի վաղ Վենետիկի հանձնաժողովի կողմից մեկնաբանված նախագծերի համեմատ անհերքելի բարեփոխում է: Ըստ հանձնաժողովի, նրա ընդունումը երկրորդ ընթերցմամբ եւ հետո արդեն այդ տեքստի հիման վրա հաջողությամբ անցկացված սահմանադրական հանրաքվեն լավ հիմք կծառայի ապահովելու համար ՀՀ Սահմանադրության համապատասխանությունը եվրոպական չափանիշներին մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքների գերակայության ոլորտներում եւ ճանապարհ կբացի հետագա եվրաինտեգրման համար»: Ողջունելով այն փաստը, որ Վենետիկի հանձնաժողովի առաջարկած այս կամ այն փոփոխությանը Հայաստանի իշխանությունները պարտադիր արձագանքում էին, հանձնաժողովը, այնուամենայնիվ, ակնարկում է, որ կա հետագա բարելավման անհրաժեշտություն, մասնավորապես, ԶԼՄ-ների ազատության ոլորտում: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային կոմիտեի անդամների նշանակման նոր պայմանները, որոնք Վենետիկի հանձնաժողովի պահանջով ներկայացրել են Հայաստանի իշխանությունները, հետեւյալն են` հանձնաժողովի անդամների կեսին պետք է նշանակի Ազգային ժողովը (սակայն նրանք չպետք է կուսակցական լինեն), երկրորդ կեսին նշանակում է հանրապետության նախագահը: Ողջունելով այս փոփոխությունը` Վենետիկի հանձնաժողովը, այնուամենայնիվ, խնդրահարույց է համարում նախագահի կողմից Հեռուսատատեսաության եւ ռադիոյի խորհրդի բոլոր անդամների նշանակման հարցը: Եթե նախագահի այդ իրավասությունները պահպանվեն, ապա, ըստ հանձնաժողովի դիտարկման, գոնե նրանց նշանակման գործընթացը պետք է լինի բաց եւ թափանցիկ: Բացի այդ, հանձնաժողովը առաջարկում է ամրացնել կառավարության կառուցվածքը օրենքով: Տիգրան Թորոսյանը նշել է, որ այդ դիտողությունը անպայման լրացուցիչ անդրադարձ կստանա: Ըստ հանձնաժողովի նախապես արված դիտողության, նոր նախագծում չեղյալ է հայտարարվում նախագահի անձեռնմխելիությունը (եթե նա հանցավոր արարքներ է թույլ տվել) նախագահության ժամկետը լրանալուց հետո: Առանձին դրույթ վերաբերվում է կառավարության նիստերի ղեկավարմանը: Ուշադրություն է դարձվել նախագծի այն կետին, ըստ որի նախագահը կարող է նախագահել նիստերում կամ կառավարության նիստեր հրավիրել միայն արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ: Փոփոխությունները, որոնք վերաբերում էին դատական համակարգին, նույնպես հավանության են արժանացել: Այն դեպքում, եթե դրանք կյանքի կոչվեն, ապա այստեղ եւս պետք է փոխվի օրենսդրական դաշտը: Վենետիկի հանձնաժողովը առաջարկում է իրականացնել այդ փոփոխությունները Եվրախորհրդի մասնակցությամբ եւ փորձարկումների միջոցով: Հանձնաժողովը ողջունել է նաեւ ինքնակառավարման ոլորտի փոփոխությունները` հատուկ ուշադրության արժանացնելով Երեւանի քաղաքապետի ընտրության հարցը: Սահմանադրության նախագծում նշվում է, որ Երեւանյան համայնքը, այսինքն նաեւ քաղաքապետը պետք է ընտրվեն: Ընդ որում նշվում է, որ Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիան չի բացառում համայնքի ղեկավարի անուղղակի ընտրությունները: Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը կքննարկվի եւ կհաստատվի Վենետիկի հանձնաժողովի հաջորդ պլենար նիստում, որը տեղի կունենա հոկտեմբերին, հաղորդել է «Ազգ» թերթը: Վենետիկի հանձնաժողովի եզրակացության նախագիծը տեղադրված է Գրադարան բաժնում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---