Թեկնածուն գործող նախագահից պահանջում է կատարել խոստումը և հավասար մրցակցություն ապահովել

Թեկնածուն գործող նախագահից պահանջում է կատարել խոստումը և հավասար մրցակցություն ապահովել

PanARMENIAN.Net - Շատ հետաքրքիր և անկանխատեսելի շրջան է, երբ ամեն ինչ հնարավոր է: ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես է բնորոշում նախընտրական քարոզարշավի առաջին հինգ օրերը: Ըստ թեկնածուի՝ իր «Հնարավոր է» կարգախոսն արդեն միայն կարգախոս չէ, այլ ինչ-որ իմաստով իրականություն, շատ բան հնարավոր է դարձել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ հակասահմանադրական և անհավասար մրցակցային պայքար է սկսվել: «Քարոզարշավի հինգերորդ օրը արդեն տեսնում ենք անհավասար դաշտ՝ ակնարկների, վախկոտ, թաքուն մոտեցումների: Պետք է անմիջապես գործող նախագահը հրապարակավ լուծի այս հարցը: Եթե սա շարունակվի, և որևէ ապացույց հայտնվի, զինվորների ուղղորդելու, ուսուցիչներին հրահանգելու և ակնարկներ անելու, ապա ընտրություններն ավարտված են»,- հայտարարեց նախագահի թեկնածուն: Րաֆֆի Հովհաննիսյանը պարզաբանեց, որ «ընտրություններն ավարտված են» ասելով նկատի ունի, որ պայքարը շարունակվելու է մինչև հաղթանակ, բայց այլևս վստահության և հավատի ենթակա չեն լինի նախագահի ՝ ազատ և արդար ընտրությունների մասին հայտարարությունները:

Նախագաի թեկնածուն շեշտեց, որ իր հիմնական մրցակիցը՝ գործող նախագահը, պետք է որ իմանա պետական բոլոր մարմիններում մեկնարկած հակասահմանադրական արշավի մասին: Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է, որ Սերժ Սարգսյանը կամ հաստատի կամ հերքի այս տեղեկությունը: Հաստատելու դեպքում գնա հետքերով: «Քաղաքապետարանում հավաքվում են տնօրենները, ուսուցիչները, և ակնարկով հրահանգ է իջեցվում, թե ինչպես պետք է քվեարկեն: Պետական համալսարանում բաժանում են իշխող կուսակցության թեկնածուի շարֆերը: Հրամանատարներից ոմանք հավաքում են իրենց զինվորներին և հրահանգում, թե ում օգտին քվեարկեն: Չեմ կարող չհավատալ, որ մեր երկրում նախագահը տեղյակ չէ այս ամենին: Ժողովրդի մրցակիցը՝ Սարգսյանը պետք է պատասխանի, թե արդյո՞ք պետական մարմիններում և հանրային վայրերում քարոզչական աշխատանք գնում է:

Րաֆֆի Հովհաննիսյանը արձանագրում է եղած թերությունները և պայքարը շարունակելու է: «Հնարավոր է մասնակցությամբ ստին և կեղծիքին հաղթել: Քաղաքական հիմնական ուժերը, որոնք չեն կողմնորոշվել, իրենց համակիրների մասնակցությամբ պետք է հասկանան, որ սա ինչ-որ մեկի շուրջ համախմբում չէ, այլ սեփական պայքար է: Անհրաժեշտ է, որ սա դարձնենք մասնակցային հաղթնակ մեր ժողովրդի համար»,- եզրափակեց նախագահի թեկնածուն:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---