Բաքվում հերթական ֆոբիայի դեղատոմսն են փորձում գտնել

Բաքվում հերթական ֆոբիայի դեղատոմսն են փորձում գտնել

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի օդանավակայանը դարձել է Ադրբեջանի հերթական ֆոբիաներից մեկը: Ստեփանակերտից հնչող հայտարարությունները, թե մեկ ամսվա ընթացքում օդանավակայանը գործարկվելու է, այնքան էին մտահոգել Բաքվին, որ հարևան պետությունում ստիպված եղան շուտափույթ ընդունել մի օրենք, որով, թերևս, հույս ունեին հետաձգել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը: Խոսքը Ադրբեջանի մեջլիսի ընդունած օրենքի մասին է, այն թույլ է տալիս խոցել ադրբեջանական օդային տարածք ներխուժած ինքնաթիռները, այդ թվում քաղաքացիական օդանավերը:

Շատերը դեռ չեն կարողանում լուրջ վերաբերվել այս օրինագծի մասին ադրբեջանական մամուլում տարածված տեղեկություններին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Երևանում լրագրողների հետ հանդիման ժամանակ «անհաջող կատակ» որակեց Ադրբեջանի կառավարության այդ որոշումը:

«Կարդացել եմ նման արձագանքների մասին ու մտածել եմ, որ դա կամ անհաջող կատակ է, կամ մտքի անհաջող ձևակերպում: Ես խիստ կասկածում եմ, որ մեր օրերում ցանկացած երկրի ղեկավարություն կարող է ուղղակի հրաման տալ կրակ բացել քաղաքացիական ինքաթիռների վրա: Պատմության մեջ եղել են նման դեպքեր, սակայն մենք հիշում ենք նաև դրանց վերաբերյալ միջազգային ուժերի արձագանքը: Ամեն դեպքում չեմ պատկերացնում, որ իրեն քաղաքակիրթ համարող պետությունը իրեն թույլ կտա ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները: Այնպես որ, ես նման հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում»,- հայտարարեց Նիկոլայ Բորդյուժան:

«Ադրբեջանի կառավարության ընդունած օրենքը, որը թույլ է տալիս հարվածել Ստեփանակերտի օդանավակայանից թռչող քաղաքացիական ինքնաթիռներին, ևս մեկ անգամ հաստատում է, որ գործ ունենք աննորմալ, հիվանդ պետության հետ»,- սա էլ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի մեկնաբանությունն է: Նա այս որոշումը բնութագրում է որպես ֆաշիզմի դրսևորում:

Պաշտոնական Ստեփանակերտից մեկ անգամ չէ, որ հնչել է այն տեսակետը, որ եթե ադրբեջանական զինուժը հարվածի ԼՂՀ քաղաքացիական ինքնաթիռներին, ապա պատերազմ կսկսվի։ Մեկ անգամ չի եղել նաև այն հայտարարությունը, որ ԼՂՀ-ն չի պատրաստվում հետ կանգնել օդանավակայանը շահագործելու որոշումից։

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանին այս պատմության մեջ հատկապես զարմացնում է միջազգային հանրության արձագանքի բացակայությունը: «Նույնիսկ պատերազմական իրավիճակներում պետությունը իրավունք չունի խոցել քաղաքացիական ինքնաթիռները, իսկ քաղաքացիական օդանավեր խոցելը համարվում է ռազմական հանցագործություն, ահաբեկչություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ավելի վաղ հայտարարել էր նա:

Բաքվի հուսահատ քայլերը, գուցե իսկապես, դեռ չեն հասցրել տեղավորվել միջազգային հանրության ուղեղում: Մյուս կողմից, հնարավոր է, որ գործի է դրվել ադրբեջանական «խավիարային» դիվանագիտությունը: Ինչևէ, սպասենք, կտեսենենք: Բաքուն օրենքը ընդունել է, իսկ հայտարարված մեկ ամիսը, որի ընթացքում օդանավակայանը գործարկվելու է, դեռ չի ավարտվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---