ՈՒՐՈՒԳՎԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ

PanARMENIAN.Net - Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կրկին լսումներ էին կազմակերպվել Հայոց ցեղասպանության շուրջ: Այս անգամ հիմնական զեկուցողը Ուրուգվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանն էր: Քննարկումների ընթացքում նա հայտարարել է, որ «Հայոց ցեղասպանությունը ապացուցվելու կարիք չունի եւ նման առաջարկը խիստ վտանգավոր է, եւ խարդավանք կարող է հանդիսանալ Ուրուգվայի համար, որն աշխարհում հայտնի է որպես Հայոց ցեղասպանությունը ընդունած եւ դատապարտած առաջին երկիր»: Դեսպանը առաջարկել է Ուրուգվային միանալ Թուրքիային ուղղված տարբեր երկրների կոչին` բացել հայ-թուրքական սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Lսումներից հետո Ուրուգվայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Լիլիան Քեշիշյանը ասել է, որ Հայաստանի առաջարկը շատ լավ տպավորություն է թողել: Ըստ նրա, «հայտարարության բովանդակության շուրջ նախնական պայմանավորվածություն կա: Քննարկման ժամանակ Ուրուգվայի խորհրդարանը միաձայն վերահաստատել է, որ հայերի կոտորածները ցեղասպանություն են: Նույնը դիրքորոշումը Հայաստանի դեսպան Արա Այվազյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ վերահաստել է նաեւ Ուրուգվայի փոխարտգործնախարար Բելելա Էռերայի կողմից: Անցած շաբաթ Ուրուգվայի խորհրդարանում Թուրքիայի դեսպան Շուրքրու Թուֆանի խնդրանքով Հայոց ցեղասպանության շուրջ կազմակերպված նմանատիպ լսումների ժամանակ խոսվել էր Թուրքիայի վարչապետ Էրդողանի` միջազգային հանձնաժողով ստեղծելու հայտնի առաջարկի մասին, եւ Թուրքիան խնդրել էր Ուրուգվային մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին եւ աջակցել, որպեսզի այդ մարմինը «որոշի ցեղասպանության իրողության փաստը»: Ուրուգվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը զարգացումների վերաբերյալ իր մտահոգությունն էր հայտնել` հանդես գալով նույն հանձնաժողովի անդամների հետ հանդիպում անցկացնելու խնդրանքով: Եվ, քանի որ հարցը վերաբերում է Հայաստանին, դեսպանը առաջարկել էր որեւէ հայտարարություն չհրապարակել` Հայաստանի տեսակետին ծանոթանալուց առաջ: Հայաստանի դեսպանի առաջարկն ընդունվել էր: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես մերժել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիբ Էրդողանի` ցեղասպանության փաստն ուսումնասիրելու նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկը` փոխարենը առաջարկելով առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---