Մշակույթի նախարարությունը արձագանքեց. Փաստորեն, Լուսինե Զաքարյանի ժառանգների հետ հանդիպում է եղել

Մշակույթի նախարարությունը արձագանքեց. Փաստորեն, Լուսինե Զաքարյանի ժառանգների հետ հանդիպում է եղել

PanARMENIAN.Net - Երգչուհի Լուսինե Զաքարյանի և մանկավարժ, հասարակական գործիչ Խորեն Պալյանի բնակարանի անմխիթար վիճակի ամսին բազմաթիվ հրապարակումներից հետո, Մշակույթի նախարարությունը այսօր արձագանքեց: «Տեղեկացնում ենք, որ դեռևս երկու տարի առաջ նախարարության աշխատակիցները հանդիպել են Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի ժառանգներից՝ Պալյանի եղբորորդիներից մեկին (նրանց է պատկանում բնակարանը` սեփականության իրավունքով) և միասին այցելել վերոնշյալ բնակարան: Բնակարանի վիճակն անմխիթար էր. Լուսինե Զաքարյանի ստեղծագործական կյանքի հետ կապված հուշային առարկաները գրեթե բացակայում էին: Հարկ է նշել, որ Խորեն Պալյանն իր կենդանության օրոք հիմնադրել է «Լուսինե Զաքարյան» հիմնադրամը, որին և պատկանում է Լուսինե Զաքարյանի երգարվեստի հեղինակային իրավունքը:

Հիմնադրամը թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ, որոնք տարածում են գտնում աշխարհով մեկ: «Լուսինե Զաքարյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ-ժառանգներին նախարարությունն առաջարկել է քննարկել իրենց սեփականությունը հանդիսացող բնակարանը հիմնադրամին նվիրաբերելու և հիմնադրամի հովանու ներքո ստեղծել Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը:

Նշենք, որ թանգարանի հիմնադիրն ու սեփականատերը կմնան ժառանգները, իսկ թանգարանի ընթացիկ գործունեությունը հնարավոր է ապահովել ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 22-ի «Թանգարանային գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման կարգը և չափորոշիչները հաստատելու մասին» N 851-Ն որոշմամբ սահմանված հիմունքներով: Սակայն նախարարության վերոնշյալ առաջարկությունները մինչ օրս անպատասխան են»,-հայտնում են նախարարությունից:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ բնակարանը ողողվել էր ջրով, ինչից հետո տեղեկացանք, որ տնից անհետացել են երգչուհուն և նրա ամուսնուն պատկանող իրեր: Հավելենք նաև, որ այս օրերին բնակարանը տուն-թանգարանի վերածելու պահանջով ստորագրահավաք է ընթանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---