Մանկատան սաները բողոքում են, որ ԶԼՄ-ներն իրենց մասին սխալ կարծիք են ձևավորում

Մանկատան սաները բողոքում են, որ ԶԼՄ-ներն իրենց մասին սխալ կարծիք են ձևավորում

PanARMENIAN.Net - Մանկատան շրջանավարտներին վրդովեցրել է այն սխալ կարծիքը, որը ձևավորվում է մանկատան սաների մասին լրատվամիջոցների, մասնավորապես, հեռուստատեսության միջոցով: Այս մասին նրանք ասել են կանանց հարցերով Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանին, ով օրերս այցելել էր «Մեր տուն» հասարակական կազմակերպություն, որտեղ ապրում են մանկատան շրջանավարտները:

Աննա Սաֆարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երեխաները բավականին կիրթ, բարեհամբույր ու դաստիարակաված են: Օմբուդսմենի խորհրդականի հավաստմամբ` հաստատությունը բարեհաջող աշխատանք է տարել երեխաների հոգեբանական կախվածությունը հաղթահարելու ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ աղջիկները խոսել են իրենց հուզող հարցերից: Նրանց վրդովեցրել է հատկապես վերջերս հեռուստատեսությամբ հնչած այն կարծիքը, որ մանկատնից դուրս գալուց հետո տղաները դառնում են հանցագործ, իսկ աղջիկները վարում են անվայել կյանք: Աննա Սաֆարյանն ասաց, որ աղջիկները նաև անդրադարձել են սերիլաներին, հատկապես «Որբերը» սերիալին: Օմբուդմենի խորհրդականն ասում է, որ այն հոգեբանական մեծ ճնշում է գործադրել երեխաների վրա:

Ա. Սաֆարյանը ներկայացրեց կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանի մտավախությունները .«Տնօրենը նշեց, որ իրենք մեծ աշխատանքներ են տանում, որպեսզի երեխաները հասարակության լիարժեք անդամ դառնան, բայց ԶԼՄ-ների մեկ նախադասությունը ամեն ինչ փչացնում է»:

Այն հարցին` ունեն արդյոք իրենք ԶԼՄ-ների հետ աշխատանքի մշակած ծրագիր, Օմբուդսմենի խորհրդականը պատասխանեց, որ հնարավորության և անհրաժեշտության դեպքում նման աշխատանքներ կտարվեն:

Ինչպես միշտ, այս անգամ ևս աղջիկներն ունեն չլսված լինելու վախ, մինչդեռ Ա. Սաֆարյանը նշեց, որ նրանց խնդիրը բարձրացված է ու չի անտեսվի և հավելեց, որ իրենք ներկայումս ուսումնասիրում են օրենսդրկան դաշտը, իսկ հետագայում ավելի մանրամասն կանդրադառնան խնդրին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---