Ա.ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւերի ընդունումը կարեւոր դեր կունենա ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, թուրքական հասարակությունը պատրաստ չէ ճանաչել ցեղասպանության փաստը եւ դրա պատճառը թուրքական իշխանությունների անգործությունն է, որոնք նաեւ կեղծում են պատմական փաստերը: Այդ կապակցությամբ, նա նշել է, որ տեսնում է այդ խնդրի լուծման երկու տարբերակ` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում եւ սահմանների բացում, եւ երկրորդը` Հայաստանի հետ հարաբերությունների հաստատում եւ ցեղասպանության միջազգային ճանաչում, որպեսզի Թուրքիան հասկան, որ գործ ունի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ միջազգային հանրության հետ, որը ճանաչել եւ դատապարտել է ցեղասպոնությունը: Ա.Ռուստամյանը նշել է նաեւ, որ «եթե Թուրքիան չճանաչի ցեղասպանության փաստը, ապա երաշխիքներ չկան, որ պատմությունը չի կրկնվի: Հայաստանը չպետք է աչք փակի դրա վրա, եւ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, չճանաչված ցեղասպանությունները կարող են կրկնվել»: Նա հիշեցրել է, որ Թուրքիայի Քրեական օրենսգրքում կա հոդված, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների եւ Հյուսիսային Կիպրոսից թուրքական զորքերը դուրս բերելու պահանջների համար: Ա.Ռուստամյանը նկատել է, որ Հայաստանը բազմիցս անգամ բարձրացրել է այս հարցը Եվրախորհրդարանում: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու նախապայմաններից մեկը մնում է նշված հոդվածի հանումը ՔՕ-ից կամ դրա փոփոխումը, ավելացրել է հայ խորհրդարանականը: Պատասխանելով ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացի ընթացքի եւ առաջխաղացման մասին` Ա.Ռուստամյանը նշել է, որ «տվյալ պահին ոչ բանակցություններ չեն գնում, քանի որ առանց անմիջական մասնակցի` Լեռնային Ղարաբաղի ոչ մի բանակցություն լինել չի կարող»: Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցը դնի ՄԱԿ-ի քննարկմանը առանց ԼՂ ներկայացուցիչների, ապա Հայաստանը չի մասնակցի քննարկումներին: Նա հայտարարել է, որ Հայաստանը Ղարաբաղի անկախության եւ անվտանգության երաշխավորն է: Նրա խոսքերով, բանակցություններ պետք է տարվեն ոչ թե «հայ-ադրբեջանական» հակամարտության կարգավորման ուղղությամբ, այլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հակամարտության երեք մասնակիցների մասնակցությամբ: Անդրադառնակով աշնանը Հայաստանում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին` Ա.Ռուստամյանը նշել է, որ դա Հայաստանի համար շատ կարեւոր հարց է եւ պետք չէ այն խառնել գոյություն ունեցող այլ խնդիրների հետ: Նրա կարծիքով, հանրաքվեի տապալումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի հետագա զարգացման վրա, եւ այդ պատճառով այդ հարցը չպետք է կռվախնձոր հանդիսանա իշխանության եւ ընդդիմության միջեւ:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---