9  25.02.13 - ԵՊՀ ուսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել

Դասադուլ. Ուսանողներն ասում են, որ դեկանները սպառնացել են. Պրոռեկտորը դա այլ կերպ է բացատրում

Դասադուլ. Ուսանողներն ասում են, որ դեկանները սպառնացել են. Պրոռեկտորը դա այլ կերպ է բացատրում

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել և ցույց են անում, որով արտահայտում են իրենց բողոքը ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ուսանողները պահանջում են նոր ընտրություններ կազմակերպել: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դանիել Իոնիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ակցիան ինքնաբուխ է: Նա նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, որ ուսանողները պետք է զերծ մնան քաղաքական գործընթացներից: «Ուսանողությունը պետք է լինի ամենաակտիվը, նրանք պետք է որոշեն երկրի ապագան: Այս ամենը ընդունված է շատ երկրներում: Ես կարծում եմ, որ նախագահի թեկնածուները պետք է հրավիրվեն բուհեր, ներկայացնեն իրենց ծրագրերը, այս ուսանողներն են կառուցելու երկրի ապագան: Չի կարելի նրանց իզոլացնել և ասել՝ ոչ ուսանողներ, ձեր գործը միայն սովորելն է»,- ասաց Դանիել Իոնիսյանը: Նա նշեց, որ հնարավոր է` դասադուլները խաթարում են ուսումնական պրոցեսը, սակայն դրանք ավելի շատ խաթարում է կոռուպցիան, որն առկա է բուհերում: Մի քանի օր դասադուլը չնչին վնաս է:

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք հարգում են ուսանողների իրավունքները, բայց մտահոգված են, որ խաթարվում է ուսումնական գործընթացը: «Ոսանողը եկել է կրթություն ստանալու, դա իր առաջին նպատակն է համալսարանում, իսկ նման ակցիաները խաթարում են այն»,- ասաց նա: ԵՊՀ պրոռեկտորը նկատեց, որ համալսարանն ունի մոտ 19 հազար ուսանող, իսկ այս պահին շենքի դիմաց մոտ 250 ուսանող է հավաքված: «Խնդիրն այն է, որ այս մարդիկ խանգարում են ուսումնական պրոցեսին»,- նկատեց նա:

Ակցիան մասնակցող մի քանի ուսանողներ դժգոհում էին, որ իրենց ֆակուլտետների դեկանները եկել և հորդորել են դասի գնալ, այլապես խնդիրներ կունենան: Ռուբեն Մարկոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այստեղ կա տարիքային տարբերություն, իսկ դասախոսն էլ հեղինակություն է: Հավանաբար սխալ են հասկացել իրար: «Ես ենթադրում եմ, որ դասախոսներ կարող են լինել, որ եկել են, ասել են երեխաներ, անցեք դասի, մի խանգարեք իրար: Դա հնարավոր է՝ ներկայացվում է, որ մարդիկ այլ տոնով են խոսում: Ես դա դիտարկում եմ ուսուցչի վերբերմունք: Կարող են լինել ուսանողներ, որ բանավեճի մեջ մտնեն դեկանի հետ, դա կարող է հարցականի տակ դնել դեկանի հեղինակությունը: Կարող է լարվածություն առաջացնել»,- պարզաբանեց պրոռեկտորը: Նա վստահեցրեց, որ ուսանողների իրավունքները հարգվում են ամբողջականության մեջ՝ դիտարկելով և հաշվի առնելով նաև նրանց պարտավորությունները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---