Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդես 2013-ը կմեկնարկի մարտի 1-ին

Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդես 2013-ը կմեկնարկի մարտի 1-ին

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում մեկնարկելու է 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը(Caucasus Travel Show, CTS): Այն ուղղված է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը: Ցուցահանդեսի ժամանակ հնարավորություն կլինի տեղեկանալ զբոսաշրջության զարգացման տարածաշրջանային միտումներին և խնդիրներին, ինչպես նաև ծանոթանալ ոլորտում միջազգային գործարար փոխհարաբերությունների զարգացմանը և հեռանկարներին:Ցուցահանդեսը նպատակ ունի խթանել ներգնա և տարածաշրջանային զբոսաշրջությունը` ցուցահանդեսի շրջանակներում օտարերկրյա տուր-օպերատորների համար ճանաչողական շրջայց կազմակերպելու միջոցով: Կստեղծվեն բարենպաստ պայմաններ տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների համատեղ մշակման, գովազդման և վաճառքի համար: Այս ցուցահանդեսը քայլ է` ուղղված ներքին (մարզային) զբոսաշրջությունը խթանելուն: Հասարակությունը, պոտենցիալ հաճախորդները, մասնագետները, պաշտոնյաներն ու մյուս շահագրգիռ կողմերը կտեղեկացվեն զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումների մասին և ստեղծել ֆորում զբոսաշրջության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի համար: Հայաստանի բնակչությանը հնարավորություն կընձեռնվի արձակուրդները պլանավորել մատչելի և որակյալ պայմաններով:

Այս տարվա ցուցահանդեսին ընդհանուր առմամբ կմասնակցի ավելի քան 75 կազմակերպություն, որից 58-ը` ՀՀ 11 մարզերից և Լեռնային Ղարաբաղից, մյուսները` Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից և Արաբական Միացյալ Էմիրություններից:

Բացի զբոսաշրջային օպերատորներից ցուցահանդեսին կմասնակցեն նաև զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ ու հանգստյան տներ, ավիաընկերություններ, զբոսաշրջային կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, զբոսաշրջության ոլորտը լուսաբանող ամսագրեր ու լրատվական գործակալություններ:

CTS 2013-ի շրջանակում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ զբոսաշրջային կրթություն տրամադրող հայաստանյան կրթական հաստատությունների ուսանողների և շրջանավարտների համար: Ցուցահանդեսը կազմակերպիչներն են Ճամփորդական գործակալների հայկական միությունը և Ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայկական մասնաճյուղը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո:

Այս տարի ցուցահանդեսի գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---