ՀՀ եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը չի համապատասխանում երկու երկրների տնտեսական ներուժին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին:` հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին` երկրորդ անգամ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ նա կշարունակի նպաստել հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա զարգացմանը: Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Բոժկոն վարչապետին համառոտակի տեղեկացրել է Ուկրաինայի քաղաքական եւ տնտեսական կյանքում տեղի ունեցող վերջին զարգացումներին, ընդգծելով, որ ներկայումս իրավիճակը երկրում կայուն է, ձեւավորվել է նոր կառավարություն` փորձառու վարչապետի գլխավորությամբ, կարգավորվում են հարաբերությունները նաեւ միջազգային ասպարեզում: Կարեւորելով Եվրաինտեգրման ուղին ընտրած երկու երկրների միջեւ քաղաքական, դիվանագիտական հարաբերությունների, մասնավորապես, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հետագա սերտացումը, զրուցակիցներն առավել հանգամանորեն անդրադարձել են հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների հարցերին: Նշելով, որ ապրանքաշրջանառության ներկայիս ծավալը չի համապատասխանում երկու երկրներում գոյություն ունեցող տնտեսական ներուժին, զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Առեւտրատնտեսական հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի մինչ այժմ տեղի ունեցած նիստերը, հատկապես 2004թ. մայիսին Կիեւում կայացած երրորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նա- կողմերի միջեւ ստորագրված մի շարք փաստաթղթերը խթան կհանդիսանան երկկողմ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Անդրանիկ Մարգարյանը եւ Ալեքսանդր Բոժկոն պայմանավորվել են` միջկառավարական հանձնաժողովի ուկրաինական կողմի նոր համանախագահի նշանակումից հետո, հնարավորինս արագացնել հանձնաժողովի հերթական` չորրորդ նիստի անցկացումը, կուտակված խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---