Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահին

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացման առիթով` ընդգծելով, որ նման այցելությունները պիտի նպաստեն հայ-գերմանական համագործակցության առավել ընդլայնմանը` ի նպաստ երկու ժողովուրդների: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ի դեմս տիար Նորբերթ Լամմերթի իր գնահատանքը հայտնեց Գերմանիայի Բունդեսթագին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման համար: Նորին Սրբությունը նաև գոհունակությամբ անդրադարձավ Գերմանիայի իշխանությունների կողմից հայ համայնքին ցուցաբերվող զորակցությանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակին ու կրոնական կյանքին, Հայ Եկեղեցու դերակատարությանն ու առաքելությանը հասարակության կյանքում և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հոգևոր առաջնորդների հանդիպումներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---