Հայաստանն ու Հնդկաստանը կարող են համագործակցել կարտոֆիլի և կաթնամթերքի վերամշակման ոլորտում

Հայաստանն ու Հնդկաստանը կարող են համագործակցել կարտոֆիլի և կաթնամթերքի վերամշակման  ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և նրան մաղթել է բեղմնավոր աշխատանք: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են երկու երկրների ժողովուրդների միջև հաստատված փոխադարձ հարգանքին և բարեկամությանը` նշելով գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունն ավելի սերտացնելու և խորացնելու անհրաժեշտությունը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում հայ-հնդկական համագործակցության ընթացքում նախկինում իրականացված առավել արդյունավետ ծրագրերին, հատկապես` Հնդկաստանի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանն անհատույց տրամադրած 300 տրակտորներին, Հնդկաստանում հայկական ծիրանի այգու հիմնմանն ու հայ մասնագետների վերապատրաստմանը Հնդկաստանում:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը հակիրճ ներկայացրել է գյուղատնտեսության ներկա վիճակը և ՀՀ կառավարության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնց արդյունքնում հնարավոր է եղել գյուղատնտեսության ոլորտում արձանագրել 9.5 % աճ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Բաբուն նշել է, որ պաշտոնավարության կարճ ժամանակահատվածում հնարավորություն է ունեցել ուսումնասիրելու Հայաստանի գյուղատնտեսությունը և նույնպես հնարավոր է համարում, այս ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը:

Դեսպանը նախարարին տեղեկացրել է, որ հնդկակական կողմն ուսումնասիրել է Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման աշխատանքներում հնդկակական կողմի հնարավոր մասնակցությունը և նշել է, որ Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել տեխնիկական և մասնագիտական աջակցություն այդ գործընթացին` հատկապես, որ վերջիններս ներգրաված են եղել Հայաստանում 2011 թվականին անցկացված մարդահամարի աշխատանքներին:

Դեսպանն առաջարկել է նամակով դիմել այն ծրագրերի մասին , որոնցում ակնկալվում է Հնդկաստանի կառավարության աջակցությունը , ստացված առաջարկությունները դեսպանը կքննարկի Հնդկաստանի կառավարության հետ և կտեղեկացնի հնարավոր աջակցության մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև գյուղատնտեսական հումքի վերամշակման արդյունաբերության բնագավառում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունների ուսումնասիրմանը` մասնավորապես կարտոֆիլի և կաթնամթերքի վերամշակման ոլորտում:

Նախարարը հանդիպման ավարտին ընդգծել է երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---