ԱԺ տարածք մտնել փորձող քաղաքացու դեմ քրգործ է հարուցվել

ԱԺ տարածք մտնել փորձող քաղաքացու դեմ քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - 2013 թվականի մարտի 22-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, քաղաքացի Վ.Գալստյանը, չենթարկվելով անվտանգության ծառայության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և ապօրինի մուտք գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել է մուտք գործել նաև ԱԺ վարչական շենք։ Նա չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների օրինական պահանջներին և իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաև նախազգուշական կրակոցից հետո։

Ուստի և քաղաքացու տեղաշարժը կանխելու և նրան վնասազերծելու նպատակով անվտանգության աշխատակիցը հրազենից կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ գոտկատեղից ներքև՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։ Դանակն առգրավվել է, իսկ քաղաքացին տեղափոխվել հիվանդանոց:

Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱԺ տարածք ապօրինի մուտք գործած անձը` Վ.Գալստյանը, Մասիս քաղաքի բնակիչ է` 1988 թվականի ծնված։ Նախնական տեղեկություններով` նա նախկինում երկու անգամ դատապարտվել է։

Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խումբը՝ ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանի գլխավորությամբ: Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողությունները, դեպքի վայրի տեղազննություն, առգրավվել են այդ թվում ԱԺ նշված տարածքը նկարահանող սարքերը և տեսագրությունները։ Տեսաերիզները համապատասխան զննության ենթարկվելուց հետո կտրամադրվեն նաև հանրությանը։

Դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով`իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, կատարվում է քննություն։

Վ.Գալստյանը տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնությունը։ Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---