Վաղը կհրապարակվի «Մատաղիսի» գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

Վաղը կհրապարակվի «Մատաղիսի» գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, այսօր շարունակել է «Մատաղիսի գործով» արդարացման դատավճռի դեմ տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի և գործով դատավարական հսկողություն իրականացնող ՀՀ զինվորական դատախազության բողոքների քննությունը: Նախորդ դատական նիստին դատարանը լսել էր բողոքը ներկայացրած կողմերին, իսկ այսօր` արդարացվածներին:

Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը հայտարարեցին, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ իրենք անմեղ են, առարկեցին վերաքննիչ բողոքների դեմ՝ դատարանից խնդրելով դրանք մերժել: Նրանց շահերի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց մի լուսանկար կցել գործին, որը, նրա խոսքով ապացուցում է, որ Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքը ճնշումների արդյունք է: «Լուսանկարում, դեպքից մի քանի օր առաջ, Ռազմիկը նիհար է, իսկ խոստովանությամբ տեսագրությունում դեմքն ուռած է», - ասաց փաստաբանը:

Մեղադրող կողմը և տուժողի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իրենց վերաքննիչ բողոքներում հիմնական շեշտը դրել էին նախաքննության ընթացքում ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանի հենց այս ցուցմունքի վրա, որն, իրենց խոսքով, լիովին ապացուցում է ամբաստանյալների մեղքը: Ըստ նրանց` չեն հաստատվել պաշտպանական կողմի հայտարարությունները, թե այդ ցուցմունքները տրվել են բարոյական, հոգեբանական և ֆիզիկական բռնությունների ազդեցության տակ:

Սպանված Ռոման Եղիազարյանի հորեղբայրը դատարանին խնդրում էր ինչ-որ բան ասելու թույլտվություն տալ, բայց քանի որ դատավարության կողմի չի հանդիսանում, այդպես էլ հնարավորություն չստացավ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա ասաց.«Ես ուզում եմ ասել, որ մինչև Երևան բերելն այդ 3 մարդասպանները խոստովանել են, որ իրենք են սպանել երեխաներին: Տեսագրությունում էլ Ռազմիկ Սարգսյանը, մարդասպանի կեցվածքով, հեկեկալով պատմում է, որ ինքն է սպանել` բոլոր մանրամասնություններով: Նաև մեկուսարանում էր Ղևոնդ Եգորյանին պատմել, երբ Ղևոնդը հարցրել էր` մենք ենք քո տեղը էս 4 ամիսը նստել, մարդասպան Ռազմիկ Սարգսյանը պատասխանել էր, որ այո, մենք ենք սպանել, դուք մեր տեղն եք նստել: Այս մասին Ղևոնդն 1-ին ատյանի դատարանում է պատմել և Ռազմիկն էլ հաստատել է»:

Վաղը կհրապարակվի վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---