27 հոկտեմբերի 2005 - 17:28 AMT
PanARMENIAN.Net-ի նյութը երկրորդ տեղն է գրավել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին թեմայով լավագույն հոդվածի համար հայտարարված մրցույթում
PanARMENIAN.Net-ի վերլուծական բաժնի պետ, «Շանթ» հեռուստաընկերության տեղեկատվական բաժնի ղեկավար Արտյոմ Երկանյանի` «Կուբանի հայերին նախկինի պես բաժանում են «յուրայինների» եւ «օտարների» հոդվածը երկրորդ տեղն է գրավել հայաստան-ռուսական հարաբերություններին նվիրված լավագույն հոդվածի համար հայտարարված մրցույթում, որի կազմակերպիչը «Կովկասի ժողովրդավարության ինստիտուտի» զարգացման հիմնադրամի Հարավկովկասյան բաժինն է: Ժյուրիի որոշմամբ հաղթողների հնգյակը կմեկնի Մոսկվա, իսկ հաջորդ հինգը կստանան են դրամական պարգեւներ: Առավելագույն միավորները հավաքել է «Արմենպրես» տեղեկատվական գործակալության Լոռու մարզի թղթակից Վահագն Անտոնյանը: Լավագույնների հնգյակում են նաեւ` «Գոլոս Արմենիի» թերթի քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը, «Արմինֆո» գործակալության թղթակից Տաթեւիկ Շահունյանը, «Ազգ» թերթի քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը: Ժյուրիի կազմում էին` «Գործարար էքսպրես» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Նաղդալյանը, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սպարտակ Սեյրանյանը, «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Լեւոն Ղազարյանը, «Արմինֆո» գործակալության խմբագիր Ալեքսանդր Ավանեսովը եւ «Ռեգնում» գործակալության Անդրկովկասյան խմբագրության շեֆ-խմբագիր Վիգեն Հակոբյանը: «Կովկասի ժողովրդավարության ինստիտուտի» զարգացման հիմնադրամի Հարավկովկասյան բաժնի գլխավոր տնօրեն Արմենիկա Կիվիրյանի խոսքերով, Մոսկվայում նախատեսվում են հանդիպումներ Ռուսաստանի նախագահի աշխատակազմում, Պետական Դումայում, ինչպես նաեւ հայտնի ռուս քաղաքագետների, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի հետ: Նախատեսվում են նաեւ ծանուցողական այցելություններ «Իզվեստիա» եւ «Ռոսիյսկայա գազետա» թերթերի խմբագրություններ: Հիշեցնենք, որ մրցույթը տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը: Հոդվածները ընդունվում էին ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն լեզուներով: