«Հարսնաքարի գործ». Ամբաստանյալները ցուցմունք կտան առանց տեսախցիկների

«Հարսնաքարի գործ». Ամբաստանյալները ցուցմունք կտան առանց տեսախցիկների

PanARMENIAN.Net - Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել «Հարսնաքարի գործով» հերթական նիստը: Դատարանը բավարարելել է պաշտպանական կողմի միջնորդությունը ցուցմունք տալու ընթացքում ամբաստանյալներին չտեսանկարահանելու մասին, հիմնավորմամբ, որ հասարակական հնչեղություն ունեցող գործը կարելի է լուսաբանել նաև առանց տեսախցիկն ամբաստանյալների վրա ուղղելու:

Դատարանն այս որոշումն ընդունեց՝ բավարարելով ամբաստանյալ Արման Խաչատրյանի միջնորդությունը: Նա հայտարարեց, որ ինքը պատրաստ է ցուցմունքներ տալ՝ տեսախցիկների բացակայությամբ: Ամբաստանյալ Արման Խաչատրյանը, ում միջնորդությամբ էլ արգելվել է տեսանկարահանումը, հայտնել է, որ ինքը չի մասնակցել ծեծին, իսկ մյուս ամբաստանյալների վերաբերյալ ոչինչ չի կարող ասել՝ չի տեսել: Ըստ նրա՝ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը նախատում էր մատուցող Դավիթ Ադամյանին՝ տուժող, բռնարարքի հետևանքով 12 օր անց մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանին հարվածելու համար: Իրենք հավաստիացնում էին, որ Դ.Ադամյանը կպատժվի, առաջարկում հաճախորդների ներկայությամբ խոսակցությունը չշարունակել, և այն հետաձգել վաղվան:Ամբաստանյալը հայտարարել է, որ նախաքննության ընթացքում նշել է, որ ինքը համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է, ինչը սխալ է, ինքը համալիրի աշխատակիցն է, իսկ համալիրը պատկանում է Ռ.Հայրապետյանին:

Դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունների պատճառով հրապարակվել է Ա.Խաչատրյանի նախաքննական ցուցմունքը: Ըստ դրանց՝ ինքը որևէ մեկին չի հարվածել, միայն բաժանել է: Ըստ նրա՝ տուժողները խմած էին, իրենց ագրեսիվ էին պահում, «ոտքերով-ձեռքերով հարվածող մարդկանց» չի նկատել: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը հրաժարվել է ցուցմունքեր տալ: Դատարանում հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Նա հրաժարվել էր պատասխանել հարցին, թե Ռուբեն Հայրապետյանին տեսե՞լ է «Հարսնաքար»-ում, սակայն այսօր միայն այդ մասով ցուցմունք է տվել և հայտնել, որ Ռ.Հայրապետյանին դեպքի օրը համալիրի տարածքում չի տեսել:

Ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանը և ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը ասել են, որ իրենց վատ են զգում, ունեն գլխացավ ու գլխապտույտ: Նրանց բուժօգնություն ցույց տալուց հետո դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 9-ը:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---