Իսակովի պողոտայում շինաշխատանքներն ըստ ժամանակացույցի են ընթանում

Իսակովի պողոտայում շինաշխատանքներն ըստ ժամանակացույցի են ընթանում

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի 2013թ. համայնքային բյուջեի ծրագրերի համաձայն մայրաքաղաքի շինարարական, բարեկարգման, կանաչապատման աշխատանքներին վերաբերող տարեկան ծրագրերն իրականացվում են ըստ ժամանակացույցի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը` նշելով, որ աշխատանքներն ընդգրկում են բոլոր վարչական շրջանները` ապահովելով համաչափ զարգացումը` առանց խտրականության:«Մայրաքաղաքի ճանապարհներին նախատեսված է շուրրջ 2.5 մլն քառ. մ ծավալով ասֆալտբետոնածածկի աշխատանքներ, որոնք ներառում են ոչ միայն ընթացիկ նորոգում, այլև հիմնանորոգում, բարեկարգում, մայթեր, սալահատակներ, եզրաքարեր: 30 փողոց հիմնանորոգվելու է, իսկ 300-ում`ընթացիկ աշխատանքներ են տարվելու», - ասաց Կամո Արեյանը:

Նրա խոսքով Իսակովի պողոտայում և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներում խցանումները շուտով կավարտվեն` աշխատանքների ժամանակացույցը պահպանվել է ու այս տարվա կեսին շահագործման կհանձնվեն կառուցվող 2 խոշոր հանգույցները:

«Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող արագընթաց մայրուղին ունենալու է 2 խոշոր հանգույց` թունելային և վերգետնյա: Ապահովելու է մայրաքաղաքի Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ շրջանների կապը», - ասաց Կամո Արեյանն ու ավելացրեց.«Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներում կլինի մեկ հանգույց` Ալմաստ գործարանին հարող հատվածում: Նախկին երկաթուղային կամուրջը վերածվելու է հանգույցի` ապահովելով կապը Ավան, Նոր-Նորք և Քանաքեռ Զեյթուն շրջանների միջև»:

Իսկ հետիոտնի համար այս տարի ևս 8 վերգետնյա անցում կկառուցվի` մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: Փոխքաղաքապետը նշեց նաև, որ նորոգվելու են մայրաքաղաքի կամուրջները, իսկ Քրիստափորի փողոցի կամուրջը /Փեթակ առևտրի կոնտրոնի մոտ/ հիմնանորոգվելու է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---