Օբյեկտիվ. Թբիլիսյան խճուղի 3/2. Օդից կախ հասցե և անհասցե մարդիկ (վիդեո)

Օբյեկտիվ. Թբիլիսյան խճուղի 3/2. Օդից կախ հասցե և անհասցե մարդիկ

PanARMENIAN.Net - Քաղաքացին ու նրա առօրյան: Օբյեկտիվից այն կողմ ինչպե՞ս ու որտեղ են ապրում մարդիկ, ինչ ու ինչպե՞ս են վաստակում: Այսուհետ, ամեն շաբաթ` մարդը PanARMENIAN.Net ի լրահոսում: Պատմություններ, որոնք դուրս են ամենօրա պաշտոնական և քաղաքական լրահոսից:

Թբիլիսյան խճուղու հանրակացարանի բնակիչների ձգձգված ու խճճված պատմությունը: Ինչպե՞ս եղավ, որ կադաստրում տասնյակների փոխարեն որպես տարածքի սեփականատեր մեկ հոգու անուն գրանցվեց: Մարդիկ սպասում են, որ ամեն պահ կարող են գալ և դուրս հանել իրենց բնակարան-սենյակներից:

Հանրակացարանի բնակիչներից Էլեոնորա Հարությունյանը և Վարդուհի Գաբրիելյանը պատմեցին, որ տարածքը պատկանել է թիվ 9 ուսումնարանին, որի հետ 2003-ին պայմանագիր է կնքել «Աշխատանքային ռեզերվներ» կազմակերպությունը: Ըստ պայմանագրի` կազմակերպությունը միայն երկու հարկ կարող էր օգտագործել, չբնակեցված հարկերը: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, «Աշխատանքային ռեզերվները» դիմել է կադաստրի պետական ռեգիստր և շենքն ամբողջությամբ սեփականաշնորհել: Բնակիչները պնդում են, որ կազմակերպությունն ապօրինի է սեփականաշնորհել այն տարածքը, որտեղ իրենք են ապրում:

Այս մարդիկ հանրակացարանում ապրում են արդեն 20 տարուց ավելի: Նրանց խոսքով` այս ամբողջ ընթացքում իրենք պատշաճ վճարել են բնակվարձն ու կոմունալ բոլոր ծախսերը, իսկ երբ դիմել են համապատասխան մարմիններին սենյակները սեփականաշնորհելու համար, պարզվել է, որ տարածքն արդեն սեփականատեր ունի: Արդեն երկար ժամանակ է՝ այս մարդիկ, մեծ թղթապանակներով փաստաթղթերը թևերի տակ, մտնում են մի պաշտոնյայի աշխատասենյակից մյուսը: Նրանք արդեն մի քանի անգամ դիմել են պատկան մարմինների ու տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների: Բաց նամակ են գրել նախագահին, դիմել են կառավարությանը, վարչապետն էլ այցելել է և խոստացել, որ նրանց իրենց տներից չեն հանի: Մարդիկ, ամեն դեպքում, չեն կարող հանգիստ նստել ու սպասել, թե ինչ է լինելու: Բացի բանավոր խոսքից ոչ մի երաշխիք չունեն, որ տարածքի սեփականատերը ամեն րոպե չի գա և չի պահաջի ազատել սենյակները:

Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---