Հայաստանը կարող է հետաքրքրել էներգետիկ շուկայի խոշոր խաղացողներին որպես տարանցիկ երկիր

Հայաստանը կարող է հետաքրքրել էներգետիկ շուկայի խոշոր խաղացողներին որպես տարանցիկ երկիր

PanARMENIAN.Net - 2013 թվականի ապրիլի 5-ին Ծաղկաձորում՝ «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի կոնֆերանս-կենտրոնում տեղի է ունեցել Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի և ֆինանսների գծով կոմիտեի նիստը՝ «Ռիսկերի կառավարում. ինչպես չպարտվել համաշխարհային էներգետիկ շուկայի վերաձևափոխման պայմաններում» թեմայով:

ԵԳԿ-ի Կոմիտեի նիստին մասնակցել են գազաէներգետիկ, ֆինանսական, բանկային և գործարար շրջանակների ներկայացուցիչներ արտասահմանյան մի շարք երկրներից, այդ թվում՝ «Գազպրոմ», «ՆԻԻգազէկոնոմիկա», «Գազպրոմ Տրանսգազ Մոսկվա», «Մոլդովագազ», Wintershall Holding GmbH, BNP PARIBAS, Credit Agricole, PricewaterhouseCoopers, UBS, JPMorgan, Sakhalin Energy ընկերություններից և մի շարք այլ կազմակերպություններից:

Բացման ելույթում «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Ֆինանսատնտեսական դեպարտամենտի պետ, ԵԳԿ օրենսդրության, բանկերի և ֆինանսների գծով կոմիտեի նախագահ Անդրեյ Կրուգլովը նշել է, որ այսօր էներգետիկայի ոլորտում աշխատող ընկերությունները էներգետիկ շուկայի բազմատեսակ փոփոխությունների ականատես են դառնում: «Նման մարտահրավերները չպետք է աննկատ մնան, եթե մենք չենք ցանկանում պարտվել համաշխարհային էներգետիկ շուկայի վերաձևափոխման պայմաններում: Այսօրվա պայմաններում էներգետիկ ընկերությունները պետք է հատուկ տեղ հատկացնեն ռիսկերի կառավարմանը, ինչը թույլ կտա ավելի կայուն դիրք ունենալ շուկայում, չպարտվել սպառողի համար կոշտ մրցակցային պայքարում», – ասել է Ա.Կրուգլովը: Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Ֆինանսատնտեսական դեպարտամենտի պետի խոսքով, մրցակցային առավելություններից մեկն այսօր դառնում է կառավարչական որոշումների ընդունման օպերատիվությունը: «Իսկ այդ մրցակցային առավելությունն ամրապնդելուն օգնում է տեղեկատվական կառավարչական համակարգերի լայն կիրառումը», – նշել է Ա.Կրուգլովը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը հատուկ շնորհակալություն է հայտնել «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ, Կոմիտեի նախագահ Անդրեյ Կրուգլովին հրավերն ընդունելու և նիստի կազմակերպման գործում նշանակալի աջակցության համար:

Ինչպես նշել է Վ.Հարությունյանը, Եվրոպական գործարար կոնգրեսի օրենսդրության, բանկերի և ֆինանսների գծով Կոմիտեի նիստն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Հայաստանում: «Սա, անկասկած, հաստատում է փոխվստահության այն բարձր մակարդակը, որն առկա է «Գազպրոմ»-ի և «ՀայՌուսգազարդ»-ի, ինչպես նաև մեր արտասահմանյան գործընկերների միջև, և միաժամանակ վկայում է «ՀայՌուսգազարդ» ընկերության գործունեության ու փորձի հանդեպ նրանց հետաքրքրության մասին», – ընդգծել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը:

Վ.Հարությունյանը շեշտել է Եվրոպական գործարար կոնգրեսի շրջանակում անցկացվող գործարար կանոնավոր քննարկումների կարևոր դերակատարությունը: «Նման քննարկումները թույլ են տալիս գտնել և մշակել մեր գործունեության ընթացքում առաջացող խնդիրների լուծման գործնական մեխանիզմներ և փոխանակվել տեղեկատվությամբ: Վերջին հանգամանքը պակաս կարևոր չէ, քանի որ ժամանակակից մենեջերը, որը լիարժեք կերպով չի տիրապետում տեղեկատվությանը, կարելի է ասել՝ անզեն է», – ասել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ Կոմիտեի նիստի շրջանակում գործարար քննարկումը օգտակար կլինի նաև տեղեկատվական փոխանակման տեսանկյունից:

Նիստի հիմնական զեկուցող՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ֆինանսների և էկոնոմիկայի գծով տեղակալ Կարեն Մովսեսյանն իր ելույթում անդրադարձել է այն ռիսկերին, որոնց բախվում է Հայաստանը համաշխարհային քաղաքականության և տնտեսության տեղի ունեցող տեղաշարժերի, այդ թվում՝ համաշխարհային էներգետիկ շուկայի վերաձևափոխման արդյունքում: Կ.Մովսեսյանի խոսքով, էներգետիկ շուկայի խոշոր խաղացողների համար Հայաստանը կարող է հետաքրքրություն ներկայացնել կամ որպես էներգակիրների տարանցիկ երկիր, կամ՝ էլեկտրաէներգիայի արտադրող և արտահանող: «Փակ սահմանների պայմաններում Հայաստանի տարածքով էներգակիրների տարանցման հարցը դեռ բաց է մնում: Երկրորդ ճանապարհն ավելի իրատեսական է: Հաշվի առնելով հարևան Իրանի էլեկտրաէներգիա ձեռք բերելու շահագրգռվածությունը, «Գազպրոմ»-ը, «ՀայՌուսգազարդ»-ը և Հայաստանի կառավարությունը նախաձեռնել էին Իրան-Հայաստան գազաէներգետիկ նախագծի իրագործումը, որի շրջանակում կառուցվել են Իրան-Հայաստան գազատարը և Հրազդան-5 էներգաբլոկը: Էլեկտրաէներգիայի արտահանումն Իրան դառնալու է էներգետիկ շուկայի վերաձևափոխման հետ կապված ռիսկերին հակազդեցության կարևոր բաղադրիչ՝ Հայաստանի համար ընդհանրապես, և մեր Ընկերության համար մասնավորապես», – նշել է Կ.Մովսեսյանը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ֆինանսների և էկոնոմիկայի գծով տեղակալն ընդգծել է, որ «Գազպրոմ»-ի աջակցությամբ «ՀայՌուսգազարդ»-ը ստեղծել է էլեկտրաէներգիայի արտադրության և արտահանման հզորություններ, խթանել է տրանսպորտային հատվածում նավթամթերքներից բնական գազին անցնելու պայմանների ստեղծումը, Իրան-Հայաստան գազատարի կառուցման միջոցով իրականացրել է Հայաստան գազի մատակարարումների դիվերսիֆիկացումը: Կոմիտեի նիստին զեկույցներով հանդես են եկել նաև «Գազպրոմ» ԲԲԸ Ֆինանսատնտեսական դեպարտամենտի պետի տեղակալ Նատալյա Բորիսենկոն, JPMorgan-ի ներկայացուցիչ Ջորջես Տիժբոշը (Մեծ Բրիտանիա), UBS ընկերության տնօրեն-կառավարիչ Թոմաս Լենգֆորդը (ԱՄՆ), Ռուսաստանում Shell կոնցեռնի գլխավոր իրավախորհրդատու Ռենյե Նեյմեյերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---