5 ապրիլի 2013 - 19:23 AMT
Հեսսենի հայ մշակութային միության նախագահին և փոխնախագահին ընդունել է Սփյուռքի նախարարը

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հեսսենի հայ մշակութային միության նախագահ Լուսինե Վարդումյանին և փոխնախագահ Մհեր Բեգլարյանին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ամուսիններն արդեն 23 տարի ապրում և աշխատում են Գերմանիայում: Մհեր Բեգլարյանը 12 տարի եղել է մշակութային միության նախագահը, արդեն երկրորդ տարին է՝ նախագահ է ընտրվել կինը՝ Լուսինե Վարդումյանը: Լուսինե Վարդումյանը նախարարին ներկայացրել է մշակութային միության կողմից կազմակերպվող ձեռնարկները, միջոցառումները, կարևորել այն օժանդակությունը, որը Սփյուռքի նախարարությունը տրամադրում է Սփյուռքում գործող մշակութային միություններին, համայնքներին: Նա նախարարության ծրագրերից, առանձնացրել է «Արի տուն» ծրագիրը, որին պարբերաբար մասնակցում են գերմանաբնակ պատանիները:

Հեսսենի հայ մշակութային միության հրավերով և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2011 թվականի գարնանը «Արի տուն» ծրագրի փոխադարձ այցի շրջանակներում Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք էին այցելել հայաստանցի 7 պատանիներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է նախարարության ծրագրերը, խոսել ապրիլի 22-24-ը Երևանում կայանալիք «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասին: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է հայապահպանությունը Սփյուռքում, նշել, որ յուրաքանչյուր հայ պետք է բարձր պահի հայի ու Հայաստանի պատիվը և փորձի օգնել, սատարել հայրենիքին: Նախարարը կարևորել է այցելությունները Հայաստան և հորդորել ակտիվացնել համագործակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ: