«Գազետա ՍՆԳ». ԵԱՀԿ ՄԽ նոր առաջարկները վերաբերվում են ղարաբաղյան խնդրի «հիմնարար» կետերին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում շարունակվում է ակամա դադարը, որը կապված է ոչ դյուրին ներքաղաքական իրավիճակի հետ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ` Հայաստանում: Այդ մասին ասվում է «Գազետա ՍՆԳ»-ում հրապարակված «Ակամա դադար ղարաբաղյան հարցում» խորագրով հոդվածում: Հրապարակման հեղինակը հիշեցնում է, որ օգոստոսին Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը պայմանավորվել էին թայմ-աուտ վերցնել բանակցություններում: «Կարգավորման գործընթցի ընդհատումը կողմերը պատճառաբանեցին ինչպես առաջիկա խորհրդարանական ընտրություններով Ադրբեջանում, այնպես էլ` նոյեմբերի 27-ին Հայաստանում կայանալիք Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ հանրաքվեով: Հոկտեմբերի 26-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, թե նախապատրաստել են մի շարք նոր առաջարկներ, որոնք կներկայացվեն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը դեկտեմբերի սկզբին Լյուբլյանայում, որտեղ կայանալու է ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստը: Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշեց, որ նոր առաջարկները վերաբերվում են այն դրույթներին, որոնց շուրջ Քոչարյանն ու Ալիեւը այդպես էլ չկարողացան համաձայնության գալ: Թե կոնկրետ որ կետերի մասին է խոսքը, դեռեւս կարելի է միայն կռահել: Որպես կանոն, տեղեկատվության արտահոսք է տեղի ունենում այն ժամանակ, երբ այս կամ այն կողմը շահագրգռված է լինում դրանում, նշվում է հոդվածում:



«Հիշեցնեմ, որ գարնանը եւ այս տարվա ամռանը ղարաբաղյան կարգավորումը կրկին հայտնվեց միջազգային հանրության կենտրոնում, իսկ այդ թեմայով բազմաթիվ հոդվածներից կարելի էր եզրակացության գալ, որ հետխորհրդային տարածքի «ամենահին» հակամարտությունը շուտով կկարգավորվի: Սակայն հրաշք տեղի չունեցավ, եւ այն երկու-երեք կետերը, որոնց շուրջ ընդհանուր հայտարարի հնարավոր չեղավ գալ, ի չիք դարձրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր ջանքերը: Ադրբեջանական կողմը բազմիցս անգամ հայտարարել է, որ ժամանակն է փոխել բանակցությունների ձեւաչափը: Եթե ի մի բերենք պաշտոնական եւ «կոնֆիդենցիալ» տեղեկատվությունը Ղարաբաղի շուրջ վերջին մի քանի ամիսների ընթացքում, ապա կստեղծվի հետեւյալ պատկերը: Մինսկի խումբը առաջարկել էր կարգավորման փուլափաթեթային ձեւաչափը` չճանաչված հանրապետության իշխանությունները դուրս են բերում իրենց զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից, այդ շրջաններ են վերադառնում ադրբեջանցի փախստականները, այնուհետեւ 10-15 տարի անց ԼՂՀ-ում անց է կացվում հանրապետության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե:





«Խոչընդոտ» հանդիսացան այսպես կոչված գրավյալ յոթ շրջաններից 2-ը` Լաչինը, որը հայաբնակ Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքն է, եւ Շուշի քաղաքը, որը մինչեւ ռազմական հակամարտության սկսվելը առավելապես ադրբեջանաբնակ է եղել: Ղարաբաղի երկրորդ քաղաքը` Շուշին գտնվում է չճանաչված հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի անմիջական հարեւանությամբ: ԼՂՀ մայրաքաղաքը բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, իսկ Շուշին (ինչպես եւ հարեւանությամբ գտնվող նախկին ադրբեջանաբնակ բնակավայրերը) գտնվում է բարձունքի վրա, որտեղից 1991-ի սեպտեմբերից մինչեւ 1992 թվականի մայիսը նշանառու կրակ էր հեղվում «Գրադ» կայաններից: Հետեւաբար, առնվազն միամտություն կլիներ ակնկալել, որ մոտ ապագայում Ղարաբաղի իշխանությունները կարող են վերադարձնել այդ քաղաքը Ադրբեջանին, ինչպես նաեւ Լաչինը, որը Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է: ԼՂՀ-ում հանրաքվեի անցկացման կոնկրետ ժամկետների շուրջ կողմերը նույնպես չկարողացան համաձայնության գալ: Երեւանում գտնում են, որ «եթե հողերը տալիս ենք, էլ ի՞նչ իմաստ ունի հետո հանրաքվե անցկացնելը»:



Բաքվում էլ չեն ընդունում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» հարցի լուծման այլ սկզբունք: Առավելագույնը, ինչին համաձայն են ադրբեջանական իշխանությունները, Լեռնային Ղարաբաղի ամենալայն ինքնավարությունն է հանրապետության կազմում: Հենց այս «հիմնարար» հարցերին էլ վերաբերվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր առաջարկները:



Հետխորհրդային տարածքի բոլոր չճանաչված պետություններից ԼՂՀ-ն կարելի է համարել առավել կայացածը եւ ուժեղը տնտեսական եւ ռազմական զարգացման, ինչպես նաեւ ժողովրդավարական բարեփոխումների առումով: Ի տարբերություն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի, որոնք անմիջապես Ռուսաստանին են հարում, եւ Մերձդնեստրի, որը բացառապես դեպի Մոսկվան է կողմնորոշված, ԼՂՀ-ն վարում է դիվերսիֆիկացված քաղաքականություն: Օրինակ, չնայած բազմապիսի կապերին Ռուսաստանի հետ, ԼՂՀ-ն ամեն տարի ֆինանսական օգնություն է ստանում ԱՄՆ-ից: Գաղտնիք չէ, որ Ստեփանակերտում այսօր սեւեռուն հայացքով հետեւում են Կոսովոյի շուրջ ծավալվող իրադարձություններին: Չէ որ այստեղ կիրառվող սկզբունքը նույնն է` ազգերի ինքնորոշման իրավունքը: Նշենք, որ գնալով ավելանում է այն արեւմտյան քաղաքական գործիչների թիվը, որոնք մեկնաբանում են ղարաբաղյան կարգավորման գործընթացը, շաղկապելով այն հենց ազգերի ինքնորոշման սկզբունքին»,-ասվում է հրապարակման մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---