Թուրքական ԶԼՄ-ներ. Եվրահանձնաժողովի զեկույցում «ցեղասպանություն» բառը չի օգտագործվի

PanARMENIAN.Net - Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է Եվրահանձնաժողովի կողմից Թուրքիայի առնչությամբ հրապարակվելիք զեկույցը: Ինչպես գրում է թուրքական «Զամանը», հակառակ Եվրոպայում հայկական լոբբիի ջանքերի, զեկույցի հեղինակներն այս անգամ խուսափելու են «ցեղասպանություն» բառն օգտագործելուց: Զեկույցում, որտեղ առանձին գլուխ է նվիրված Թուրքիա-Հայաստան հարաբերություններին, 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ օգտագործվում է «1915 թ. պատահած ողբերգական դեպքեր» արտահայտությունը: Զեկույցում նշվում է, որ 2004 թ. Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կայացել են ինը շփումներ: Այնտեղ նշվում է նաեւ, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն առաջարկել է «անկողմնակալ մասնագետների դատին հանձնել 1915 թ. դեպքերի ուսումնասիրությունը», իսկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կողմնակից է, որպեսզի այդ գործը պատմաբաններին հանձնելու փոխարեն երկու երկրների միջեւ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ կյանքի կոչվի համատեղ հանձնաժողով, որը կքննարկի երկու երկրներին հուզող հարցերը, այդ թվում սահմանի բացման խնդիրը: Զեկույցում հիշատակվում է նաեւ, որ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները Վարշավայի գագաթնաժողովին չկարողացան հանդիպում ունենալ:



Իսկ թուրքական «Միլիեթ» օրաթերթի տեղեկացմամբ, Եվրահանձնաժողովի զեկույցը խուսափելու է նաեւ քրդերին եւ ալեւիներին փոքրամասնություն համարելուց. «Զեկույցն անդրադառնում է փոքրամասնությունների հարցին, սակայն այս բառը չի տարածվում ալեւիների կամ քրդերի վրա»: Զեկույցում նշվում է, որ Թուրքիայում փոքրամասնություն են համարվում միայն ոչ մահմեդականները, չնայած այնտեղ կան այլ խմբեր, որոնց նույնպես պետք է փոքրամասնություն համարել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---