Ռաֆայել Հովհաննիսյանը պարգևատրվել է «Վիլյամ Սարոյան» մեդալով

Ռաֆայել Հովհաննիսյանը պարգևատրվել է  «Վիլյամ Սարոյան» մեդալով

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, Սփյուռքում հայ մշակույթը տարածելու և սփյուռքահայ համայնքների հետազոտման համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով է պարգևատրել «Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի» նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է Ռ. Հովհաննիսյանի ծննդյան քառասունհինգ ամյակի կապակցությամբ և մաղթել ստեղծագործական նոր մտահղացումներ, նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացում: Նա շնորհակալություն է հայտնել «Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի» ստեղծագործական կոլեկտիվին համատեղ արդյունավետ համագործակցության, բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար:

«Հայ հասարակությանը և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում մեծ սիրով ու հետաքրքրությամբ են դիտում ձեր «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Հայաստանի ճամփեքով» հաղորդումները, իսկ Սփյուռքի նախարարության պատվերով երեք տարի շարունակ հեռարձակվող. «Սփյուռքի ժամ» և «Մերոնք», հաղորդաշարերը մեծապես նպաստում են Հայաստանի և Սփյուռքի փոխադարձ ճանաչողությանը, հայ մշակույթի տարածմանը», - ասել է Հ.Հակոբյանը:

Ռաֆայել Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ այսուհետ ևս օգտագործելով հեռուստատեսության ընձեռած լայն հնարավորությունը կփորձեն նպաստել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը և ողջ հայությանը տեղեկացնել սփյուռքահայ համայնքների մշակութային, կրթական, տնտեսական կյանքի, աշխարհասփյուռ նշանավոր հայերի, մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---