Հայաստանը շահագրգիռ է Կալինինգրադի հետ համագործակցության հարցում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-20 Կալինինգրադում էր գտնվում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Այդ մաին PanARMENIAN.Net ին են հաղորդել հայկական համայնքի «Նաիրի» տարածաշրջանային թերթում: Շաբաթ օրը Կալինինգրադի Հանրային պալատի նիստերի դահլիճում տեղի է ունեցել պատվիրակության պաշտոնական հանդիպումը Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոոսի եւ տարածաշրջանի հայկական համայնքի ղեկավարության հետ: «Թող առաջին հանդիպումը դառնա հետագա համագործակցության գրավականը»,-առաջարկել է Գեորգի Բոոսը: Իր հերթին Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը զարգացնում է գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ այդ համատեքստում շահագրգռված է Կալինինգրադի հետ համագործակցության հարցում: Շփման կետեր կարող են ծառայել տնտեսությունը, մշակույթը, սպորտը, կրթությունը: Կիրակի օրը հայկական պատվիրակությունը այցելել է Կալինինգրադի հայկական կիրակնօրյա դպրոց, շփվել է Հայկական տարածաշրջանային ազգամշակութային ինքնավարության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների հետ, եղել է Կալինինգրադի հայկական հոգեւոր մշակութային կենտրոնի շինարարության վրա, ծաղիկներ է դրել Մեծ Հայրենական պատերազմի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանին: Հուշարձանը գտնվում է մարզային կենտրոնում` Բալթիկ նավատորմի ավիացիայի կենտրոնակայանի մոտ: Ըստ Ա.Բաղդասարյանի, կկազմակերպվի գործարար համաժողով, որպեսզի երկու կողմերի գործարար շրջանակները ծանոթանան միմյանց հետ: 2006 թվականին ակնկալվում է Կալինինգրադի պատվիրակության այցը Հայաստան: Դա կնպաստի համագործակցության զարգացմանը Հայաստանի եւ Կալինինգրադի միջեւ: 2006 թվականին, տարածաշրջանի հայ համայնքի խնդրանքով, նախատեսվում է բացել Կալինինգրադ-Երեւան-Կալինինգրադ ուղիղ ավիաչվերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---