ՍԾՏՀ ԽՎ. Թուրք պատգամավորները քվեարկել են Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման օգտին

PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովը (ՍԾՏՀ ԽՎ) նոյեմբերի 24-ին Տիրանայում (Ալբանիա) տեղի ունեցած ընդլայնված նիստի ժամանակ հավանություն է տվել Կարս (Թուրքիա)-Գյումրի (Հայաստան)-Թբիլիսի-Բաքու երկաթուղին վերագործարկելու մասին հայկական պատվիրակության առաջարկին: Հայկական կողմի գլխավոր փաստարկը այն էր, որ այժմ Թուրքիայի պատճառով անգործության մատնված երկաթուղին թույլ է տալիս կապ ստեղծել տարածաշրջանի 4 պետությունների` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ: ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի գծով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հավաստիացրել է, որ հայկական կողմի առաջարկին կողմ է քվեարկել նաեւ Թուրքիայի պատվիրակությունը: Նշենք, որ Թուրքիան շրջափակել է այդ մայրուղին ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ Հայաստանի հետ պատմականորեն թշնամական հարաբերությունների պատճառով: Ներկայումս Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը ծրագրում է հայկական Գյումրի քաղաքը շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու նոր երկաթուղու կառուցումը: Սակայն Վրաստանի հայաբնակ Ախալքալաքի բնակիչները մտադիր են հակազդել այդ նախագծին, որը հավանության չի արժանացել նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների կողմից: ՍԾՏՀ ԽՎ կազմում ընդգրկված են` Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---