Սահմանադրական հանրաքվե. Ընդդիմության ներկայացուցիչները չեն մասնակցում ընտրական հանձնաժողովների աշխատանքին

PanARMENIAN.Net - «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչները չեն մասնակցում մարզային ընտրական հանձնաժողովների աշխատանքին եւ բոյկոտում են Հայաստանի Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ հանրաքվեն: Այդ մասին նոյեմբերի 27-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Նրա խոսքերով, ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը մարզային ընտրական հանձնաժողովների աշխատանքին իրականացվում է հասարակական սկզբունքով` «նրանց աշխատանքը չի վարձատրվում»: «Ըստ ընտրությունների մասին օրենքի, հանրաքվեն չունի հանրապետական նշանակություն եւ մարզային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները իրավասու են հրաժարվելու այդ աշխատանքից»,-նշել է նա:



Հայաստանի ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, իր հերթին, հայտարարել է, որ ընտրական հանձնաժողովների ընդդիմության ներկայացուցիչները հետապնդվում են Հայաստանի դատախազության կողմից: «Նրանք դատախազություն ներկայանալու ծանուցագրեր են ստանում: Դատախազության աշխատակիցների գործողությունները հակասում են օրենքին»,-նշել է նա: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԿԸՀ-ում, ընդդիմության ներկայացուցիչների բոյկոտը չի կարող ազդել մարզային ընտրական հանձնաժողովների աշխատանքի վրա, իսկ ընտրական հանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչների տեղերը թափուր են մնացել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---