Ղարաբաղյան խնդրի լուծման հիմնական խոչընդոտը «կողմերի կարծր դիրքորոշումն» է

PanARMENIAN.Net - Սահմանադրական հանրաքվեն Հայաստանում եւ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում որոշ չափով արգելակեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Մասշտաբային քաղաքական գործընթացների բացակայությունը Հայաստանում եւ Ադրբեջանում 2006 թվականին շատ ավելի բարենպաստ հող է ստեղծում բանակցությունների համար: Այդ մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար եւ ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծող լիազոր ներկայացուցիչ, այժմ Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, համարել, թե 2006 թվականը ճակատագրական կդառնա եւ բոլոր խնդիրները կհաջողվի լուծել, «չափազանց պարզունակ մոտեցում» կլիներ: «Բարենպաստ պայմանները անհրաժեշտ է օգտագործել»,-ասել է նա: Ըստ Կազիմիրովի, 2006 թվականը կարելի է համարել «ճշմարտության պահ», քանի որ հաջորդ 2 տարիները կրկին հարուստ կլինեն ներքաղաքական գործընթացներով:



Ընդ որում Կազիմիրովը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ճանապարհին եղած գլխավոր խոչընդոտը ոչ թե ընտրական գործընթացների գործոնն է, որը ժամանակավոր բնույթ է կրում, այլ «հակամարտության կողմերի չափազանց կարծր դիրքորոշումները»: «Առանց հավասարակշռված զիջումների հնարավոր չէ լուծել ոչ մի հակամարտություն: Այն կողմը, որը հայտարարում է, թե բան չունի զիջելու, քանի որ ամեն ինչ արդեն զիջված է, խաբում է կամ իրեն, կամ բոլոր մյուսներին»,-հայտարարել է նա: Մեկնաբանելով այն տեսակետը, թե ղարաբաղյան հակամարտությունը եւ նրա կարգավորման ձգձգումը Ռուսաստանի համար Հայաստանի վրա ազդեցության լծակներ են` Կազիմիրովն ընդգծել է, որ դա բավական պարզունակ մոտեցում է: «Ռուսաստանին հարկավոր են հանդարտ զարգացող հարաբերություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»,-ասել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---