Գյուղնախարարությունը խորհուրդներ է տալիս ինչպես մեղմել ցրտահարությունների հետևանքը

Գյուղնախարարությունը խորհուրդներ է տալիս ինչպես մեղմել ցրտահարությունների հետևանքը

PanARMENIAN.Net - Վերջին օրերին Արարատյան հարթավայրում և հանրապետության նախալեռնային գոտում գիշերային ժամերին արձանագրաված բացասական ջերմաստիճանների հետևանքով ցրտահարություններ են դիտվել հիմնականում Արարատի մարզի Արտաշատի, Մասիսի և Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանների առանձին համայնքների ցածրադիր տարածքներում: Նշված համայնքներում ցրտահարությունից տուժել են վաղահաս կարտոֆիլի, լոբազգի մշակաբույսերի ցանքերի և խաղողի այգիների որոշ հատվածներ:

Ցրտահարությունների հետևանքները մեղմելու և բերքի կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից առաջարկվում է առաջնահերթության կարգով իրականացնել հետևյալ ագրոտեխնիկական միջոցառումները:

Կարտոֆիլի և բանջարանոցային մշակաբույսերի ցանքերում՝

• կտրել և բույսերից հեռացնել վնասված հատվածները.

• բույսերի միջշարային և մերձբնային տարածքները փխրեցնել, սնուցել ազոտական պարարտանյութերով և ոռոգել.

• ապահովության համար, ցանկալի է կատարել բուժում սնկային հիվանդությունների դեմ.

Խաղողի վնասված այգիներում՝

• վազի վրայից հեռացնել ցրտահարված (սևացած, չորացած) շվերը.

• ուժեղ աճ ունեցող հոռաշվերը, որոնց վրա բերք է ձևավորվել պահպանել, անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելով հաջորդ տարի վազի ձևավորման նպատակով.

• այգում կատարել միջշարային տարածությունների վար, սնուցում ազոտական պարարտանյութերով և ոռոգում.

• խորհուրդ է տրվում այգում կատարել առաջին բուժումը միլդյու հիվանդության և թրիպսների ու տզերի դեմ.

Առաջարկվող միջոցառումների սեղմ ժամկետում իրականացնելու դեպքում կստեղծվեն լուրջ երաշխիքներ վնասված տարածքներից բարձր բերք ստանալու համար, ասվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրությունը: :

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---