2013թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 25.1 մլրդ դրամ հավելուրդով

2013թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 25.1 մլրդ դրամ հավելուրդով

PanARMENIAN.Net - 2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 231.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 206.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 103%-ով և 88.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը:

2012 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.8%-ով կամ շուրջ 44.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 95.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.7%-ը` այլ եկամուտների, 0.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 220 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 103.8%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 24.1%-ով կամ 42.7 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով: Բացի այդ, 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ, որի գծով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 43.6 մլրդ դրամ:

2013 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 10.4 մլրդ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ և 6.8 մլրդ դրամ եկամտահարկ: Եկամտային հարկից ստացված մուտքերը` հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ միասին (որոնք մուտքագրվել են նախորդ տարվա պարտավորությունների գծով) 21.4%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը: 2013 թվականից ներդրվել է ևս մեկ նոր հարկատեսակ` շրջանառության հարկը, որի գծով առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.8 մլրդ դրամ:

2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10.3%-ով կամ 19.2 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով արձանագրվել է նվազում:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 199.8 մլրդ դրամ` 91.5%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար- մարտ ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 10.9%-ով կամ 19.6 մլրդ դրամով:

Ընթացիկ ծախսերից 19.8 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է եռամսյակային ծրագրի 89.7%-ը և 20.9%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:

2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 25.1 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 7.5 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է -3.0 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -22.1 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն օգտագործվել են 2.2 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 39.6 մլրդ դրամի փոխարեն, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---