Դեռեւս պայմանավորվածություն ձեռք չի բերվել ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների շարունակման ժամկետների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Լյուբլյանայում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել ղարաբաղյան խախաղ կարգավորման բանակությունների շարունակման ժամկետների եւ վայրի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: «Ցանկություն կա երկուստեք հնարավորին չափ շուտ վերսկսել նախագահների եւ ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունները, բայց դեռեւս կոնկրետ ո'չ օր, ո'չ էլ վայր չի որոշվել այդ հանդիպումների համար», - ասաց Օսկանյանը` հույս հայտնելով, որ դեկտեմբերի կեսերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից հետո հստակ կդառնան հաջորդ հանդիպումների ժամկետները: Պատասխանելով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում իր` այսօր ունեցած ելույթին վերաբերող հարցին` Օսկանյանը ասաց, որ հիմնական շեշտը դրանում դրել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վրա:



«Իմ ելույթի հիմնական շեշտը վերաբերում էր ժողովուրդների ինքնորոշման հարցին: Այս տարի այս նախարարականը համընկնում է Հելսինկիի Եզրափակիչ ակտի 30-րդ տարեդարձին, եւ իմ ելույթի հիմնական առանցքը եղել է այն փաստը, որ մենք պետք է ամբողջական մոտեցում ցուցաբերենք բոլոր, այսպես ասաց «10 պատվիրաններին» [Եզրափակիչ ակտի], եւ չենք կարող որեւէ մեկին որեւէ նախապատվության տալ: Եվ այդ ուղղությամբ շեշտը դրել եմ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա` Ղարաբաղի հարցը ներկայացնելով այդ կոնտեքստի մեջ` հիմնավորելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պատմական, իրավական եւ այսօր ստեղծված քաղաքական իրավիճակի հիմնավորումների վրա»,-նշել է Վարդան Օսկանյանը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ըստ Օսկանյանի, պետք է իր «ինքնորոշված լինելու հանգամանքին օրինական բնույթ տա, դրան ճանաչում տա»: «Ադրբեջանի կողմից այդ իրավունքի ճանաչումը արդեն կարող է լուրջ պրոցեսի սկիզբ դնել, եւ մենք կկարողանանք արդեն այդ ճանաչումից հետո անդրադառնալ նաեւ հարցի մյուս կողմերին եւ ցուցաբերել ամբողջական մոտեցում», - ասաց նա` կրկնելով. - «Բայց հիմնականը, առանցքայինը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը եւ այդ սկզբունքի վրա այս հարցի կարգավորումը»,-ամփոփել է Հայաստանի ԱԳ նախարարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---