Ղարաբաղյան պատերազմի վետերանները նամակ են հղել Վրաստանի նախագահին Ջավախքում ստեղծված իրավիճակի առնչությամբ

PanARMENIAN.Net - Հայ զինվորականներ Արկադի Տեր-Թադեւոսյանը, Ժիրայր Սեֆելյանը եւ Արկադի Կարապետյանը` արցախյան պատերազմի կամավորականների անունից բաց նամակ են հղել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլուն` մտահոգություն հայտնելով վերջին շրջանում Ջավախքից եւ վրացական պետության մյուս հայաբնակ շրջաններից ստացվող լուրերի կապակցությամբ: «Դրանք վկայում են այն մասին, որ վրացական կառավարությունը որդեգրել եւ գործադրում է տեղի հայ բնակչությունը իր բնօրրանից դուրս մղելու ծավալուն մի ծրագիր: Հանդիպելով հայ բնակչության բնական հակազդեցությանը, իշխանությունը արդեն մի քանի անգամ փորձել է անցնել ուժային մեթոդների», - ասված է բաց նամակում: Հեղինակները նաեւ նշում են, որ վրացական պետության տարածքում հակահայ գործողությունների հետագա ծավալումը լրջորեն կվնասի հայ-վրացական հարաբերություններին, որոնք կարող էին շատ ավելի բարեկամական լինել: Կիրակի առավոտյան Ջավախքում Հայաստանի հետ սահմանային գյուղերի, ինչպես նաեւ Ախալքալաքի եւ Նինոծմինդայի հարյուրավոր բնակիչներ էին հավաքվել Վրաստանի եւ Հայաստանի սահմանագծի մաքսային եւ անցագրային կետերի մոտ: Նրանք դիմել էին Ջավախքի նահանգապետին` խնդրելով գալ եւ տեղում տեսնել իրավիճակը: Սակայն այն բանից հետո, երբ նահանգապետը հրաժարվել էր գալ, վեճ էր սկսվել տեղաբնակների եւ վրացի մաքսայինների ու սահմանապահների միջեւ:



Առիթ է հանդիսացել հայ-վրացական սահմանում ` Ժդանովական գյուղի մոտ գտնվող մաքսակետում աշխատող հայազգի բոլոր աշխատակիցների հեռացումը աշխատանքից: Նրանց փոխարեն նշանակվել են վրաց մաքսայիններ Վրաստանի այլ շրջաններից եւ Թբիլիսիից: Քանի որ բազում տեղանբակների համար աշխատանքը մաքսակետում եկամուտի միակ աղբյուրն է հանդիսանում, իսկ վրաց մաքսայինների նշանակումը ընկալվել է որպես կենտրոնական իշխանությունների մտադրություն էլ ավելի խստացնելու անցումային ռեժիմը Հայաստանի սահմանով անցնող ապրանքների համար, դա զանգվածային բողոքի ալիք է առաջացրել բնակչության շրջանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---