Վ.Օսկանյանը կարծում է, որ հաջողություն ունենալու համար կառավարությունը երեք բան պետք է անի

Վ.Օսկանյանը կարծում է, որ հաջողություն ունենալու համար կառավարությունը երեք բան պետք է անի

PanARMENIAN.Net - Կառավարության տնտեսական թիմում փոփոխությունը կարող է նշանակել, որ իշխանությունները գիտակցում են առկա խնդիրները: Ֆեյսբուքյան իր էջում նման դիտարկում է արել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: Ըստ նրա` դա ցույց է տալիս, որ նրանք ինչ-որ փոփոխությունների պատրաստ են:«Սակայն խնդիրն այն է, որ երկիրը զարգացման ճիշտ ուղու վրա դնելու համար ոչ թե երկու նախարարների փոփոխություն է անհրաժեշտ, այլ առհասարակ կառավարության տնտեսական քաղաքականության, մտածողության, փիլիսոփայության և աշխատաոճի»,- գրել է պատգամավորը:

Վարդան Օսկանյանը կարծում է` հաջողություն ունենալու համար կառավարությունը երեք բան պետք է անի.

1. Կառավարությունը արմատական փոփոխություն պետք է անի իր քաղաքականության մեջ՝ զսպողական և խնայողական քաղաքականությունից անցնելով ընդլայնողական և աճի քաղաքականության: Հայաստանի համար խնայողության քաղաքականությունը, հաշվի առնելով երկրի ներկա վիճակը՝ աղքատությունը, գործազրկությունը, բնակչության խնայողությունների ցածր մակարդակը և արտագաղթի իրողությունը, չի կարող նույնիսկ կարճաժամկետ քաղաքականություն լինել: Օրինակ՝ Գերմանիայում կամ Ճապոնիայում խնայողության քաղաքականությունը կարող է աշխատել, որովհետև այնտեղ բնակչության մոտ կուտակված հարստություն ու խնայողություններ կան, և ինչ-որ ժամանակով նման քաղաքականության իրականացումը սոցիալական լուրջ խնդիրներ չի կարող առաջացնել:

2. Կառավարությունը պետք է հաղթահարի բարեփոխումների նկատմամբ օլիգարխիայի դիմադրությունը: Վերջերս հաճախ էր լսվում, որ վարչապետի «ձեռքերը կապված» են: Միգուցե դա այդպես է: Վարչապետը, լինելով կառավարության ղեկավարը, բնականաբար կուզենար հաջողություններ արձանագրել և թերևս քաջ գիտակցում է, որ առանց արմատական բարեփոխումների հատկապես հարկային և մաքսային ոլորտներում, հաջողությունը հնարավոր չէ:

3. Կառավարությունը չպետք է անվերապահորեն ենթարկվի Արժույթի միջազգային հիմնադրամի բոլոր խորհուրդներին և թելադրանքներին: ԱՄՀ-ի հետապնդած շահը հիմնականում ֆիսկալ և ֆինանսական կայունությունն է երկրում՝ անկախ նրանից, թե այդ նպատակների հետապնդումը սոցիալ-տնտեսական ինչ հետևանքներ կունենա տվյալ երկրի բնակչության համար: ԱՄՀ-ի թիրախները զուտ թվային են: ԱՄՀ-ի քաղաքականությունը որևէ երկրում որևէ զգացողություն կամ սրտացավություն չի պարունակում: Հայաստանի ժողովրդագրական խնդիրը նրանց ռադարում ընդհանրապես չկա: Նրանց մտքով չի կարող անցնել, որ Հայաստանի դատարկումը ազգային անվտանգության սպառնալիք է:

«Նախագահն այսօր ասել է, որ կառավարության գործունեությունը արդյունքներով է չափելու: Ես կարծում եմ՝ այդ արդյունքները վեր պետք է լինեն թվային արտահայտությունից և պետք է նախևառաջ բովանդակություն ունենան: Իսկ դա հիմնականում կախված կլինի, թե այս երեք ուղղություններով կառավարությունն ինչպիսի հմտություն, քաղաքական կամք, համարձակություն և բանակցային ունակություն կունենա»,- եզրափակել է Վարդան Օսկանյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---