ԵԽԽՎ հունվարյան նիստում բանաձեւ կներկայացվի Հայաստանում կայացած հանրաքվեի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտարկման հանձնաժողովի (ԵԽԽՎ ԴՀ) դեկտեմբերի 15-ի նիստում Հայաստանի գծով համազեկուցող Ժորժ Կոլումբյեն անդրադարձել է, մասնավորապես, Հայաստանի Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ 2005 թվականի նոյեմբերի 27-ին կայացած հանրաքվեի ընթացքին եւ արդյունքներին: Այդ մասին դեկտեմբերի 19-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, Կոլումբյեի հնչեցրած գնհատականները հիմնականում համընկնում էին հանրաքվեի ընթացքին հետեւող ԵԽԽՎ առաքելության նկատառումների հետ: Տիգրան Թորոսյանը տեղեկացրել է, որ այդ հարցի վերաբերյալ ընդունվել է բանաձեւի նախագիծ, որի մանրամասները նա հրաժարվեց հրապարակել, քանի որ փաստաթուղթը դեռ լրամշակման կարիք ունի: Այն կներկայացվի 2006 թվականի հունվարի 9-ին ԵԽԽՎ Բյուրոյի նիստում: Հիմնական հարցերն, ըստ Տիգրան Թորոսյանի, վերաբերում են հանրաքվեին մասնակցած ընտրողների քանակին:



Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցմանը` Տ.Թորոսյանը նշել է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության մանդատը կարող է կասկածի տակ դրվել: ԵԽԽՎ-ն կարող է 2006 թվականի հունվարին չհաստատել այդ երկրի պատվիրակության լիազորությունները: Նրա խոսքերով, դեկտեմբերի 15-ին ԵԽԽՎ Դիտարկման կոմիտեի նիստում, Ադրբեջանի գծով զեկուցող Անդրես Հերկելը բանավոր զեկույց է ներկայացրել Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եւ այդ երկրում ստեղծված իրավիճակի մասին: «Փաստաթղթում նշվել են լուրջ խախտումներ: Հերկելը նաեւ լուսանկարներ է ներկայացրել, որտեղ պատկերված են ոստիկանության բախումները բնակչության հետ, ցուցադրելու համար, թե ինչ մթնոլորտում են անցել այդ խորհրդարանական ընտրությունները»,-նշել է Թորոսյանը: Սակայն, ըստ փոխխոսնակի, քանի որ զեկույցը ներկայացված էր բանավոր տեսքով, ապա համապատասխան որոշում չի կայացվել: «Սակայն, դա չի նշանակում, թե հարցը հանված է օրակարգից: Հաջորդ նիստում այդ հարցը անպայման կքննարկվի»,-տեղեկացրել է Տիգրան Թորոսյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---