ԱԻՆ հավաստմամբ հակակարկտային կայաններն անխափան են գործել. Գյուղապետները հակառակն են պնդում

ԱԻՆ հավաստմամբ հակակարկտային կայաններն անխափան են գործել. Գյուղապետները հակառակն են պնդում

PanARMENIAN.Net - Հակակարկտային կայանների գործել-չգործելու մասին PanARMEIAN.Net-ի թղթակիցը կարծիք է հարցրել ամենաշատը տուժած գյուղերի գյուղապետներից: Նրանցից մի քանիսը նշեցին, որ դրանք նորմալ գործել են, բայց եղան նաև այսպիսի կարծիքներ. «Լացս գալիս է, որ հիշում եմ: Ցանքատարածքները համարյա 100 տոկոսով վնասվել են: Եթե հակակարկտային կայանները նորմալ գործեին, վնասն այսքան մեծ չէր լինի: Ես, գյուղացիները, բոլորս վկա ենք, որ ընդամենը մի քանի կրակոց է եղել ու վերջ», - ասաց Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի գյուղապետ Խաչատուր Դավթյանը:

«Հակակարկտային կայանները ուշ են կրակել: Կարկուտը սկսվել է` նոր: Բայց պետք է կարկուտից առաջ կրակեին, որ ամպերը ցրվեին», - ասաց Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի գյուղապետ Հայկ Ասատրյանը: Այս գյուղում ցանքատարածքների մոտ 50-60 տոկոսն է տուժել:

ՀՀ ունի 2 ռադիոլոկացիոն կայան` Լոռու և Արագածոտնի մարզերում, և 154 հակակարկտային կայան: 4 մարզերում գործող կայանները պաշտպանում են 50 հազար հեկտար տարածքից 13 հազարը: Մեկ կայանը պաշտպանում է միայն 500 քմ մակերեսով տարածք: Դրանք ավտոմատացված են և դեպի կարկտաբեր ամպը մոտ 50 հազար կրակոց է արձակվել` մեր վերահսկողության տակ գտնվող բոլոր կայաններից միասին վերցված: Տեղեկությունն այսօր ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ասուլիսի ժամանակ ներկայացրել է «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը:

«Սակայն քանի որ այդպիսի կայանների քանակն այսօր քիչ է, իսկ կարկտահարությունը շատ ուժեղ էր, հնարավոր չեղավ խուսափել աղետալի հետևանքներից», - բացատրել է նա ու նշել, որ այժմ աշխատանքներ են տարվում հանրապետության տարածքում գտնվող բոլոր հակակարկտային կայանները, որոնք տեղադրվել են անհատ ձեռներեցների և գյուղապետերի կողմից, ԱԻՆ վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ, որպեսզի դրանց աշխատանքն ավելի արդյունավետ լինի: «Նման կայանների գործարկման և սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա պետությունը: Նախատեսվում է ապագայում ևս 1200 հակակարկտային և նոր ռադիոլոկացիոն կայաններ տեղադրել Հայաստանի տարածքում: Ներկայումս ԱԻ նախարարությունում աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Նախորդ տարի հանրապետությունում նման հզոր կարկտահարություններ չեն եղել և գործող կայանները շատ արդյունավետ են աշխատել», - ասել է Ռ. Հովսեփյանը:

«ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքերով` հակակարկտային կայաններն աշխատում են պրոպան գազով, որն ավելի մատչելի է ու անվտանգ, քան ացետիլենը, սակայն ունի նույն արդյունավետությունը։ ՀՀ ԱԻՆ համակարգի հսկողության տակ գտնվող հակակարկտային կայանների մյուս առավելությունն այն է, որ դրանց կրակոցները դեպի կարկտաբեր ամպեր ուղղորդվում են ռադիոլոկացիոն կայաններից ստացված տվյալներով, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ ներգործություն իրականացնել տվյալ մթնոլորտային երևույթի վրա։ Կարկտաբեր ամպերի շարժումը և զարգացումը, ինչպես նաև կայանների իրականացրած բոլոր կրակոցներն ավտոմատ կերպով ամրագրվում են համակարգիչներում` վայրկյան առ վայրկյան։ Մինչդեռ մարզերում կան մասնավոր ընկերությունների կողմից տեղադրված կամ համայնքի կողմից շահագործվող բազմաթիվ կայաններ, որոնք չունեն այդ հնարավորությունը և իրականացնում են կամային կրակոցներ, ինչը կարող է հանգեցնել միանգամայն հակառակ արդյունքի, այսինքն` առաջացնել կարկտի տեսքով տեղումներ ու վնասել բերքը։

«ՀՀ ԱԻՆ հակակարկտային ծառայության աշխատանքի մեթոդը, որն այսօր կիրառվում է Հայաստանում, ամբողջ աշխարհում ապացուցել է իր արդյունավետությունը: Նման եղանակով են աշխատում նաև Բրազիլիայի, Արգենտինայի և Ֆրանսիայի հակակարկտային համակարգերը», - ասել է Ռ. Հովսեփյանը:

ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը տեղեկացրել է, որ այսօր տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ երկրների շարքում միայն Հայաստանում կա հակակարկտային ծառայություն: «ՀՀ տարածքը կարկտահարությունից ավելի արդյունավետ պաշտպանելու համար մեզ ավելի շատ նման կայաններ են հարկավոր», - ասել է նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---