Ռ.Սաֆարովին որպես ժողովրդական վրիժառու եւ հերոս ներկայացնելու խղճուկ փորձերն ուղղակի ծիծաղելի են

PanARMENIAN.Net - Հայ սպայի սպանության գործով դեռեւս նախնական քննության ժամանակ ադրբեջանցի փաստաբան Ադիլ Իսմաիլովը հայտարարեց մամուլին, թե պաշտպանությունը կկառուցվի հետեւյալ թեզի շուրջ. «Քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան խնդիրը, նման իրադարձությունները կարող են կրկնվել»: Այդ մասին հայտարարել է Գուրգեն Մարգարյանի սպանության գործով Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը, պատասխանելով Ռամիլ Սաֆարովի պաշտպանության մարտավարության վերաբերյալ հարցին, որը փաստորեն հանգեցնում է դատավարության քաղաքականացմանը եւ ղարաբաղյան իրադարձությունների հետ որեւէ կապ գտնելու հուսահատ ճիգերին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Ըստ Հ.Դեմոյանի, Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովն ավելի հեռուն գնաց եւ Բաքվում Թերի Դեւիսի ներկայությամբ հայտարարեց, որ նման իրադարձությունները բացառված չեն նույնիսկ Եվրոպայի Խորհրդում, ակնհայտորեն սարսափեցնելով անգլիացի հյուրին: «Եվ ընդ որում ոչ ոք իրեն հարց չտվեց, թե ի՞նչ օգուտ են ստանում ադրբեջանցիները միջազգային ասպարեզում, գործելով այդ կերպ: Հղումները «օկուպացիային» եւ «մեկ միլիոն» փախստականների առկայությանը վաղուց արդեն ձանձրացրել են աշխարհին: Ընդ որում Ադրբեջանը չգիտես ինչու լսել անգամ չի ցանկանում ավելի քան կես միլիոն հայ փախստականների, ինչպես նաեւ այն մասին, որ այժմյան Ադրբեջանի տարածքում են գտնվոմ պատմական հայկական տարածքները, ինչի վկայությունները պաշտոնական Բաքուն համառորեն շարունակում է ոչնչացնել»,-ավելացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:



Ինչ վերաբերում է Սաֆարովին, նշել է Հայկ Դեմոյանը, ապա բավական է ուղղակի ընթերցել նրա հարցաքննության տեքստը, հասկանալու համար, որ Ջեբրաիլի շրջանում հայկական ինքնապաշտպանության ուժերի կողմից կրակակետերի ոչնչացման ժամանակ նա այնտեղ չի եղել: Ավելորդ չէ նաեւ նշել, որ գործողությունը Ջեբրաիլի շրջանում եւ հարակից շրջաններում ձեռնարկվել է 1993 թ. ամռանը, այն բանից հետո, երբ ադրբեջանական զորքերը խախտեցին հրադադարի մասին համաձայնությունը եւ իրենց հարձակողական գործողություններում ներգրավեցին հարյուրավոր աֆղանցի մոջահեդների, ինչի մասին, ի դեպ, գրել է այն ժամանակ արտերկրի մամուլը: Ինչպես եւ Խոջալուի կրակակետերի ոչնչացման գործողության ժամանակ, հայկական ուժերը այստեղ եւս միջանցք էին թողել խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար: Այդպիսով, նրա խոսքերով, կարելի է փաստել, որ հայկական ուժերի հակահարձակումը հարավային ուղղությամբ կրել է նաեւ հակաահաբեկչական բնույթ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարավային սահմանների մոտ ադրբեջանական ԶՈՒ շարքերում կենտրոնացված էին ահաբեկչական վարձու ուժեր Աֆղանստանից:



Ինչպես նշել է Հայկ Դեմոյանը, Սաֆարովին որպես ժողովրդական վրիժառու եւ հերոս ներկայացնելու խղճուկ փորձերը ուղղակի ծիծաղելի են թեկուզ այն պատճառով, որ նա վախենալով հայ սպայից ի վիճակի էր հարձակվել միայն քնած մարդու վրա, նախապես գնելով եւ սրելով կացինը: Նրա խոսքերով, հակահայկականությունը վերածվել է ժամանակակից Ադրբեջանի պետական գաղափարախոսության: «Նման քաղաքականության կործանիչ եւ անհեռանկար լինելը նրանք կգիտակցեն ապագայում: Այն պետությունը, որը պաշտոնական մակարդակով գործի է դնում ատելությունն ու քսենոֆոբիան, ապագա չունի: Եվ ինչպե՞ս կարելի է այդ երկրում մոլեգնող հակահայկական շաբաշի ֆոնի վրա խոսել խաղաղության եւ ապագայում հայերի եւ ադրբեջանցիների գոյակցության մասին»,-հայտարարել է Հ.Դեմոյանը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---