ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան

ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան

PanARMENIAN.Net - Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է այն լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է կիրառել ճանապարհը փակած բնակիչների դեմ։

«Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել»,- ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե ոստիկանությունը Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների դեմ լուսաձայնային նռնակ է կիրառել, ինչի հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ է ստացել։

Իր հերթին, «Ազգային ճակատը» հայտարարել է, թե Կիրանցի հատվածում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 քաղաքացի (4 կին, 1 տղամարդ) և 2 ոստիկան:

Հետազոտություններից հետո բոլոր քաղաքացիները և ոստիկանները դուրս են գրվել բժշկական կենտրոնից, գրում է Aysor.am-ը։

ՆԳՆ–ից հայտնել են, որ Կիրանցում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել ոստիկանության երկու ծառայողներ: Ըստ նախնական տվյալների՝ ծառայողները վնասվածքները ստացել են քաղաքացիների կողմից քարերով և փայտերով հարվածելու հետևանքով, հայտնում է Արմենպրեսը։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---