Ղարաբաղում ցանկացած պահին կարող է պատերազմ սկսվել

PanARMENIAN.Net - Եթե դիտարկենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսակետից, ապա այն կարող է միակը համարվել ԱՊՀ տարածքում, որի կարգավորման մեջ շահագրգռված են բոլոր խոշոր համաշխարհային տերությունները, քանի որ հակամարտության շարունակումը շահավետ չէ ոչ ոքին` ոչ ԱՄՆ-ին, ոչ Ռուսաստանին, ոչ Եվրոպային: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալեն Դելեթրոզը: Նրա խոսքերով, իրադրությունը կողմերի միջեւ շփման գծում հանգիստ է թվում միայն այն պատճառով, որ ոչ ոք դրա մասին չի խոսում: Սակայն դա հիմք չի տալիս այդ հակամարտությունը սառեցված համարելու համար: Եթե համեմատենք ղարաբաղյան հակամարտությունը աբխազականի կամ հարավօսականի հետ, ապա զոհերի քանակը շփման գծում ավելի մեծ է: «Հայաստանի պաշտպանության նախարարը, որի հետ ես հանդիպեցի սեպտեմբերին, նշեց այդ թիվը` տարեկան 40 զոհ: Ադրբեջանական կողմի կորուստներն ինձ չասացին, սակայն կարելի է ենթադրել, որ դրանք շատ չեն տարբերվում հայկական կողմից: Այդպիսով, եթե տարեկան զոհվում է շուրջ 80 զինվոր, կարե՞լի է արդյոք այդ հակամարտությունը անվանել սառեցված: Պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի: Եթե կողմերից մեկը համոզված է, թեկուզ եւ սխալ լինելով, որ բավարար ուժ ունի վերադարձնելու համար գրավյալ տարածքները, կարելի է ակնկալել, որ կրկին պատերազմ կլինի»,-հայտարարել է Ալեն Դելեթրոզը: Նրա խոսքերով, քանի որ տնտեսությունը, թեեւ աննշան աճ է գրանցում Հայաստանում եւ Ադրբեջանում, երկու կողմերի համար էլ շահավետ չէր լինի պատերազմ սկսելը: Դա կհանգեցնի երկու կողմերի տնտեսական անկմանը, եւ հենց այդ պատճառով այժմ կա շանս` լուծել հակամարտությունը բանակցությունների միջոցով, նշել է նա:



Պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք երրորդ` ղարաբաղյան կողմը նման կառուցողական համագործակցության` ՄՃԽ փոխնախագահը հայտարարել է. «Ես տեսնում եմ, որ նրանք ցանկանում են լուծել այդ հարցը, սակայն մտավախություն ունեն, թե կկորցնեն եղած ռազմավարական օգուտները: Չէ որ գրավյալ տարածքները Ղարաբաղի ռազմական անվտանգության երաշխիքն են: Սակայն միեւնույն ժամանակ նրանք ցանկանում են ստանալ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ: Եթե ճիշտ կերպով հաշվի առնվեն ղարաբաղիցների ռազմավարական շահերը` միջազգային երաշխիքներ տալով խաղաղ պայմանագրի ստորագրման ժամանակ, ես չեմ կարծում, որ նրանք չեն համաձայնվի»: Ինչ վերաբերում է Ղարաբաղի բնակչության տրամադրություններին, Ալեն Դելեթրոզը նշել է. «Նրանք ունեն այն բանի գիտակցումը, թե մենք ուժեղ ենք, մենք հաղթել ենք: Սակայն կա նաեւ այլ կողմը` մեծ դժվարություններ կան նոր աշխատատեղեր ստեղծելու առումով: Նրանք բնակվում են անկլավում եւ չեն կարող ոչ մի տեղ գնալ` ոչ Թուրքիա, ոչ Ադրբեջան, եւ դա, իհարկե, դժվար է: Բաքուն, որպես ծովային նավահանգիստ եւ տարածաշրջանի տնտեսական կենտրոն, միշտ ունեցել է այդ դերն անցյալում եւ կարող էր ստանձնել այն նաեւ ապագայում: Սակայն դրա համար հարկավոր է, որ ռազմաճակատի գիծը դադարի այդպիսին լինելուց եւ մարդիկ կարողանան ազատ հատել այն: Մենք մեր զեկույցում մանրամասնորեն նշում ենք, թե ինչպես կարելի է բացել այդ միջանցքները», հաղորդում է «Վրեմյա նովոստեյ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---