Քաղաքապետարան. Կարվի հնարավորը, որպեսզի Երևանի փողոցները լիարժեք անցանելի լինեն առատ տեղումների պայմաններում

Քաղաքապետարան. Կարվի հնարավորը, որպեսզի Երևանի փողոցները լիարժեք անցանելի լինեն առատ տեղումների պայմաններում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը և «Երևան Ջուր» ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության տնօրեն Կարապետ Օհանյանը ներկայացրել են նախորդ տարիներին մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի նորոգման և արդիականացման աշխատանքները և այդ ուղղությամբ 2013թ. նախատեսված ծրագիրը: Ըստ այդմ, մայրաքաղաքում առկա է 250 կմ հեղեղատար ցանց, որը սպասարկվում է «Երևան Ջուր» ընկերության կողմից: 2011-2012 թվականների ընթացքում վերակառուցվել են Ռուբինյանց, Լենինգրադյան, Խորենացու, Սևանի և Թևոսյան փողոցների անձրևատար համակարգերը:

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ նախկինում հենց այս փողոցներում էին տեղումների ժամանակ առաջանում ջրի կուտակումներ, իսկ այժմ խնդիրը լուծում է ստացել: Վերջին օրերի աննախադեպ առատ տեղումների հետևանքով դարձյալ մայրաքաղաքի որոշ փողոցներում արձանագրվել են անձրևաջրերի կարճաժամկետ կուտակումներ, ինչը, ըստ «Երևան Ջուր» ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության տնօրեն Կարապետ Օհանյանի, պայմանավորված է եղել նախորդ դարի 70-ական թվականներին կառուցված ջրահեռացման համակարգի թողունակության ներկայիս հնարավորություններով: Քաղաքապետարանի և վարչական շրջանների արագ արձագանքման արդյունքում ստեղծված վիճակն արագ կարգավորվել է:

Այդուհանդերձ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկել և հատկապես խոցելի համարվող փողոցների մասով ներկայացնելու է առաջարկություն՝ ջրահեռացման համակարգերի թողունակության բարձրացման ուղղությամբ: Քաղաքապետի հանձնարարականի հիման վրա հատուկ ուշադրություն կդարձվի Երևանի քաղաքապետարանի ծրագրերով այս տարի հիմնանորոգվող 30 փողոցների ջրահեռացման համակարգերին` ավելացնելով անձրևորսիչների և դիտահորերի քանակը: Ըստ անհրաժեշտության, անձրևաջրերի հնարավոր կուտակումներից խուսափելու համար մինչև տարեվերջ ջրահեռացման համակարգերի վերազինման տեխնիկական աշխատանքներ կիրականացվեն նաև հիմնովին ասֆալտապատման ցանկում չներառված փողոցներում: Անդրադառնալով անձրևաջրերի՝ որոշ դեպքերում մասնավոր շինություններ ներթափանցելու խնդրին,»Երևան Ջուր» ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության տնօրեն Կարապետ Օհանյանը նշել է, որ դրանք հիմնականում կառուցապատման կանոնների խախտման հետևանք են, երբ այս կամ այն շինությունը գետնի մակերեսի զրոյական նիշից ցածր է կառուցվում:

Ինչ վերաբերում է ջրահեռացման համակարգերի նորոգման կոնկրետ աշխատանքներին, ապա գործընթացը լայն թափ կստանա առաջիկա օրերին: Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը վստահեցրել է, որ կարվի հնարավորը, որպեսզի առաջիկայում մայրաքաղաքի փողոցները լիարժեք ու անխոչընդոտ անցանելի լինեն անգամ առատ տեղումների պայմաններում, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---