Ականային հետազոտություն. Հայաստանում 113 հաստատված և 17 կասկածելի վտանգավոր տարածք կա

Ականային հետազոտություն. Հայաստանում 113 հաստատված և 17 կասկածելի վտանգավոր տարածք  կա

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն ամփոփեցին ՀՀ տարածքում ականային հիմնախնդիրների և համայնքների վրա ականների ազդեցության ուսումնասիրման նպատակով 2012թ. նոյեմբեր - 2013թ. մայիս ամիսների ընթացքում անցկացված ոչ տեխնիկական հետազոտության արդյունքները:

Ըստ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանի` 7 ամիս տևած հետազոտությունը ներառել է ականների ազդեցության ուսումնասիրությունը, վարակված տարածքների բացահայտումը և քարտեզագրումը: «Ուսումասիրվել են Հայաստանի 5 մարզերի` Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի բոլոր սահմանամերձ համայնքները, անտառտնտեսությունները, պետական նշանակության ավտոճանապարհները. ընդհանուր առմամբ` 4255 ք.կմ մակերեսով տարածք, որտեղ բնակվում է 34 723 մարդ»,- նշեց Ռուբեն Առաքելյանը:

Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Յոհաննես Օդենդալը ասաց, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 113 հաստատված և 17 կասկածելի վտանգավոր տարածք:

«Կատարված աշխատանքների ընթացքում հավաքագրվել է նաև ականապայթյունային պատահարներից 264 տուժածների վերաբերյալ տեղեկատվություն, որը կհանձնվի Կարմիր խաչի միջազգային կոմիտե` աշխատանքների հետագա համակարգման և տուժածներին աջակցելու համար»,- տեղեկացրեց Յոհաննես Օդենդալը:

Առավել մանրամասն և ամփոփ հաշվետվությունը կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ մինչև հուլիսի 15-ը կներկայացվի ՀՀ կառավարություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---