7,2% տնտեսական աճն ու կեղտից սևացած դեմքով, կիսախամրած աչքերով տղամարդը. կռիվ են տալիս

7,2% տնտեսական աճն ու կեղտից սևացած դեմքով, կիսախամրած աչքերով տղամարդը. կռիվ են տալիս

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի դիմացի մայթի կանգառից մի փոքր ներքև երկու մեծ աղբարկղ կա…

Դուրս եմ գալիս խորհրդարանից, անցնում դիմացի մայթ` մի քիչ քայլեմ ու տուն գնամ: ԱԺ-ում երկու շաբաթ է քննարկում էին նախորդ տարվա պետբյուջեի կատարողականը: 7,2% տնտեսական աճ, այս օրերին ամենաշատը լսածս թիվը լողում է հոգնած ուղեղումս: Նախարարներն ու գլխավոր գանձապետը, մեծ թղթապանակները թևերի տակ, գալիս էին, նստում բարձրախոսի դիմաց ու արագ-արագ թվեր և տոկոսներ հնչեցնում: Այս ոլորտում այսպիսի առաջընթաց կա, այս մի ոլորտում էլ չկա, որովհետև դրսից եկող գումարների հաշվին են ծրագրերն իրականավցում, իսկ դրսից փող չեն տվել: Այս տարի առաջընթաց կա եսիմքանի տոկոսով, եկումուտներն ավելացել են եսիմքանի դրամով…

Երկու շաբաթ տևած քննարկումների ամփոփումը մտքումս ընդհատում է ուղիղ ոտքերիս վրա ընկնող տոպրակը:

«Մեջը պիտանի բան չկա»,- քթի տակ փնթփնթում է մոտ 50 տարեկան տղամարդը, ում կեղտից սևացած դեմքի վրա միայն կիսախամրած աչքերն են շարժվում: Տղամարդը մի քանի վայրկյան չռած աչքերով նայում է վրաս ու առանց դեմքի մկանները շարժելու շարունակում փնտրտուքը: Երկու մեծ աղբամաններում իր այսօրվա ընթրիքի համար դեռ հարմար բան չկա: Կանգնած եմ, չեմ շարժվում: Կողքին կանգնած շունը աշխույժ շարժում է շականակագույն պոչը, որը լույսի խաղերի հետ կարմրավուն գույն է ստանում:

Այսօր խորհրդարանում պատգամավորներից մեկի փողկապն էլ էր այս գույնի: «Մենք պետք է օգնենք սոցիալապես անապահով ընտանիքներին… Նվազագույն աշխատավարձը 10.000 դրամով բարձրացնում ենք, դա մեր երկրում աղքատության ցուցանիշի համեմատ բարձր թիվ է…»,- չինովնիկների խոստումներն ու բարձր ինքնագնահատականները աղմկում ենք գլխիս մեջ:

«Ցելոֆանների» խշխշոցը ինձ հետ է բերում Բաղրամյան փողոցի երկու մեծ աղբամանների մոտ: Տղամարդը շարունակում է փորփրել կեղտոտ տոպրակները, շունը քսմսվում է նրա պատռված անդրավարտիքին: Աչքերս բարձրացնում եմ ու նայում ուղիղ աչքերի մեջ, աղքատության խամրած աչքերն էլ ինձ են նայում, տղամարդը վերջապես շարժում է դեմքի մկանները, հայացքս իջեցնում եմ, ձեռքին մի տուփ աղցան է, թթված լոբին պճպճում է: Տղամարդը գոհ է, ուտելու մի բան է գտել… շոյում է շան գլուխն ու միասին քայլում են ներքև… ես դեռ տեղումս կանգնած եմ… աղբամաների մոտ մի քանի տոպրակներ անփույթ ընկած են մայթին, թեթև խշշում են… վերցնում եմ տոպրակները, գցում աղբամանների մեջ ու քայլում առաջ…

7,2%-ն ու կեղտից սևացած դեմքով, կիսախամրած աչքերով, պճպճացող աղցանով տղամարդը մտքումս կռիվ են տալիս…

Մարի Թարյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---