ՀՀ ԱԳՆ. Հուսանք, որ Քոչարյան-Ալիեւ հանդիպմանը կհաջողվի եւս մեկ քայլ առաջ անել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարճատեւ այցը նպատակ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումից առաջ ճշտել կողմերի տրամադրությունները եւ բանակցային մի քանի հարցեր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով, հայկական կողմը Փարիզ է մեկնում դրական տրամադրվածությամբ: Անշուշտ, Պրահայի գործընթացի շրջանակներում բավականին աշխատանք է տարվել կողմերի տեսակետների մոտեցման եւ սկզբունքային հարցերի շուրջ փոխհամաձայնության հասնելու ուղղությամբ: «Սակայն դեռեւս մնում են բարդ հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի կարծիքները տարբեր են, ինչն էլ մեզ դրդում է զգուշավորության սպասելիքների առումով: Այնուամենայնիվ, հույս ունենանք, որ Փարիզում նախագահներին կհաջողվի եւս մեկ քայլ առաջընթաց կատարել»,-նշել է Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով, ցանկալի կլիներ, որ 2006 թվականը դառնար Ղարաբաղի համաձայնագրի տարի: «Դրա համար բավականին ջանքեր են գործադրել թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե բանակցող կողմերը եւ թե միջազգային հանրությունը: Հատկապես երբ այդ համաձայնագրից շահելու են երկու ժողովուրդները, ինչպես նաեւ մեր տարածաշրջանը: Հայկական կողմից կա կամք եւ ցանկություն գնալ լուծումների, սակայն Ադրբեջանի կողմից հաճախ հնչող կոշտ հայտարարություններն ու անզիջում տրամադրությունները իսկապես մեզ մղում են խիստ զգուշավորության: Համենայն դեպս, սպասենք Փարիզի հանդիպման արդյունքներին»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---