Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին փոխանցվեց «Խաղաղության գավաթ»-ի հարթաքանդակը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին փոխանցվեց «Խաղաղության գավաթ»-ի հարթաքանդակը

PanARMENIAN.Net - Այսօր «Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտական առաքելության և «Խաղաղության գավաթ» նախաձեռնության Լատվիայի և Էստոնիայի ներկայացուցիչներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր նրանց ընդունեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հանդիպմանը «Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտական առաքելության ղեկավար Միլիս Կուբիցը, «Խաղաղության գավաթ» նախաձեռնության նախագահ Յուրի Կայդան և Ռիգայի ու Տալինի հոգևոր հովիվ Տ. Խոսրով քահանա Ստեփանյանը ներկայացրեցին առաքելության նպատակը, որը աշխարհի ուշադրությունը Հայաստանի մշակութային, պատմական և հոգևոր արժեքների վրա հարվիրելն է և հայ ժողովրդին բարեկամական ձեռք մեկնելը: Տեղեկացվեց, որ ծրագրի շրջանակներում հունիսի 11-16-ը աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են այցելել շուրջ 600 հասարակական և մշակութային գործիչներ:

Այնուհետև պատվիրակության այցը հայոց հոգևոր կենտրոն ողջունեց Արշակ Սրբազանը` ներկաներին փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գնահատանքը խաղաղարարական իրենց կարևոր առաքելության իրականացման համար: Սրբազան Հայրը հույս հայտնեց, որ նախաձեռնությունն իր խորհրդի մեջ անարձագանք չի մնա և կնպաստի մարդկային հարաբերությունների մեջ խաղաղության և համերաշխության ամրապնդմանը: Մայր Աթոռի դիվանապետը մեծապես կարևորեց Եկեղեցու` որպես խաղաղության քարոզչության առաջին ջահակրի դերակատարությունն այս նվիրական առաքելության իրականացման ճանապարհին:

Վերջում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին փոխանցվեց «Խաղաղության գավաթ»-ի հարթաքանդակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---