Հուլիսի 1-ից կընդունվեն «Մանկական եվրատեսիլ- 2013»-ի մասնակցության հայտերը

Հուլիսի 1-ից կընդունվեն «Մանկական եվրատեսիլ- 2013»-ի մասնակցության հայտերը

PanARMENIAN.Net - «Մանկական եվրատեսիլ- 2013» երգի սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևում: «Մանկական Եվրատեսիլ-2013» միջազգային այս հեղինակավոր երգի մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է շտապեն ներկայացնել իրենց հայտը սույն թվականի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը` հետևելով մասնակցության հետևյալ կանոններին.

Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 30-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչև 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի: Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-2.45 վայրկյան տևողությամբ:

Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաև օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25%-ի չափով: Ներկայացվող երգը պետք է լինի նոր և հրապարակված չլինի նախքան 2013թ-ի հունիսի 1-ը:

Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, և եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008 թ-ից սկսած` կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին` միայն այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին: Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը:

Ձայնագրված բեք-վոկալները «Մանկական եվրատեսիլ- 2013»-ում թույլատրելի են: Միջազգային եզրափակիչ փուլի մասնակիցներին (բացառությամբ պարողների և բեք-վոկալիստների) չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին:

Մասնակցության փաթեթը պետք է ներառի ձայնագրված երգը (CD կրիչով/MP3), երգի խոսքերը, կատարողների անձնագրի պատճենները, կատարողների լուսանկարները, երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթը և կոնտակտային տվյալներ: Փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով՝ ՀՀ, 0047 Երևան, Նորք-47, Գ.Հովսեփյան 26, Հայասատանի Հանրային հեռուստաընկերություն կամ էլեկտրոնային տարբերակով ուղարկել` junior@armtv.com հասցեին: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (055) 56-88-19 հեռախոսահամարով, հայտնում է Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---