Համայնքային բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել թեքահարթակների կառուցման համար

Համայնքային բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել թեքահարթակների կառուցման համար

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով իրականացվում են մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման աշխատանքներ: Այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ, որի շրջանակում կկահավորվի շուրջ 100 թեքահարթակ: Բացի այդ, թեքահարթակներ կկառուցվեն մայրաքաղաքի 9 վարչական շրջանների վարչական շենքերի մուտքերի մոտ: Մինչ այդ նմանատիպ աշխատանքներ էին կատարվել ներառական կրթություն իրականացնող բոլոր 45 դպրոցներում:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, չափորոշիչներով նախատեսված է ապահովել թեքահարթակի 8-ից 10 տոկոս թեքություն, որպեսզի հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող քաղաքացիներն առանց կողմնակի միջամտության կարողանան անցնել այն: Բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս, որպես կանոն, պարտադիր պայման է թեքահարթակի կառուցման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---