Սփյուռքի նախարար. «Middle East Airlines»-ի չվերթն անհրաժեշտություն էր Լիբանանի և Սիրիայի հայերի համար

Սփյուռքի  նախարար. «Middle East Airlines»-ի չվերթն անհրաժեշտություն էր Լիբանանի և Սիրիայի հայերի համար

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Middle East Airlines» ավիաընկերության կողմից Բեյրութ-Երևան-Բեյրութ ավիաչվերթի բացման կապակցությամբ Հայաստան ժամանած Լիբանանի պատվիրակությանը:

ՀՀ սփյուռքի նախարարն իր խոսքում նշեց. «Սիրելի հյուրեր այս չվերթի բացումը պատմական քայլ է հայ-լիբանանյան հարաբերություններում: Կարծում եմ, այսօր երկու կողմի համար էլ չափազանց կարևոր է տրանսպորտային միջոցների մատչելիությունը: Հաշվի պետք է առնենք, որ տարածաշրջանային խնդիրների պատճառով լիբանանյան «Middle East Airlines»-ի այս որոշումը անհրաժեշտություն էր Լիբանանում և Սիրիայում ապրող մեր հայրենակիցների համար: Նման չվերթի շահագործումը կօգնի նաև երկու երկրների տնտեսության, մասնավորապես տուրիզմի զարգացմանը», հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Լիբանանի արդյունաբերության նախարար հայազգի Վրեժ Սաբունջյանը. «Շնորհակալ եմ Ձեր անկեղծ ու ջերմ ընդունելության համար: Տիկին նախարար, Դուք Ձեր հերթին նպաստում եք հայ-լիբանանյան բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, որը ողջունելի է և գնահատանքի արժանի: Շնորհակալ ենք նաև «Middle East Airlines» ընկերությանը և իմ լիբանանցի գործընկերներին՝ այս նախաձեռնությունը կարևորելու և իրականացնելու համար»:

Ներկաներին ողջունեց նաև «Middle East Airlines» ընկերության նախագահ Մոհամմադ Էլ Հութը, ով մասնավորապես նշեց. «Լիբանանի կառավարությունը մեզ հնարավորություն է ընձեռել 12 ուղղություններով չվերթներ իրականացնել, դրանց թվում է նաև Հայաստանը: Պատասխանատվությունը մեծ է և մենք պետք է աշխատենք այնպես, որ բոլորը գոհ լինեն: Այս չվերթով մենք կօգնենք այն ուղևորներին, ովքեր դժվարությամբ էին հասնում Հայաստան: Հենց առաջին չվերթի ժամանակ բոլոր ուղևորները հայեր էին, որն ինձ համար շատ ուրախալի էր, վայրէջք կատարելիս նրանք երգում էին Հայաստանի հիմնը: Հասկանալի է, որ այս որոշումը շատ ավելին էր, քան ես սպասում էի»:

Իրենց տեսակետները արտահայտեցին նաև Հայաստանում Լիբանանի Արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մակարոնը, Լիբանանում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---