Ս.Շահումյան. Ինձ դուր չէր գալիս, երբեմն նույնիսկ զայրացնում էր, որ լեհերը ոչինչ չգիտեն Հայաստանի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի, նրա մշակույթի եւ արվեստի մասին տեղեկությունները սկսել են ավելի հետաքրքրել լեհերին: Այդ մասին Լեհաստանում PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է լեհերեն լեզվով Հայաստանի մասին առաջին ինտերնետ-կայքի ստեղծող Սամվել Շահումյանը: Նրա խոսքերով, ինտերնետ-կայքի ստեղծման պատճառ հանդիսացավ լեհերի ցածր տեղեկացվածությունը Հայաստանի մասին: «Ինձ դուր չէր գալիս, երբեմն նույնիսկ զայրացնում էր, որ լեհերը ոչինչ չգիտեն Հայաստանի մասին, եւ երբ ես ասում էի, որ Հայաստանից եմ, լեհերը հարցնում էին. «Իսկ դա ի՞նչ երկիր է»,-ասում է նա: Առաջին կայքը ստեղծվեց դեռեւս 2001 թվականին, որի համար հիմք հանդիսացան դեռեւս խորհրդային Հայաստանում տպագրված Երեւանի պատկերներով բացիկները: Նրա խոքերով, արդեն երկու տարի անց նա ստեղծեց եւս մեկ կայք, որն ուներ առավելապես զվարճային ուղղվածություն` խաղեր, երաժշտություն, ֆորում: Ըստ Շահումյանի, հաճելի էր տեսնել, թե ինչպես է աճում կայքի այցելուների թիվն, ընդ որում, այցելուների մեծ մասը լեհեր էին: «Նրանց այնքան գրավեց Հայաստանը, որ շատերի համար այդ հինավուրց երկիր այցելելը դարձավ սեւեռուն միտք: Իմ ընթերցողներից շատերն արդեն այցելել են Հայաստան: Կարող եմ ասել, որ որոշ չափով այդ կայքի շնորհիվ է, որ Լեհաստան-Հայաստան հարաբերությունները զբոսաշրջության ոլորտում սկսեցին ավելի ակտիվ զարգանալ»,-նշել է Շահումյանը: Մինչդեռ նա հավելեց, որ ունի բազմաթիվ նախագծեր, կապված կայքի հետ, սակայն ֆինանսավորման սղությունը զսպում է դրանց իրագործման տեմպը: «Նախկինում ես սկզբունքորեն գովազդ չէի տեղադրում կայքում, իսկ այժմ արդեն ստիպված եմ պայմանագրեր ստորագրել, քանի որ սեփական միջոցներս արդեն բավարար չեն: Վերջերս ես պատվեր ստացա Լեհաստանում Հայաստանի դեսպանի համար կայք ստեղծելու վերաբերյալ, սակայն չհասցրեցի, նրան տեղափոխեցին այլ պետություն»,-հայտարարեց նա: Սամվել Շահումյանը գտնում է, որ նման կայքերի աշխատանքը անգնահատելի է Հայաստանի եւ հայերի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու եւ տեղեկացնելու գործում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---