Ամբաստանյալը դատարանում ջրով լի շիշը նետել է դատախազի ուղղությամբ. Գործն ուղարկվել է ՀՔԾ

Ամբաստանյալը դատարանում ջրով լի շիշը նետել է դատախազի ուղղությամբ. Գործն ուղարկվել է ՀՔԾ

PanARMENIAN.Net - 2013թ. հուլիս 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող առանձնապես խոշոր չափերի ապօրինի թմրամիջոցի շրջանառության գործով ամբաստանյալ Ա.Պետրոսյանը դատական նիստերի դահլիճում ջրով լի պոլիմերային շիշը նետել է մեղադրանքը պաշտպանող դատախազ Վ.Միլիտոնյանի ուղղությամբ: Միաժամանակ ամբաստանյալը հայհոյել և սպանության սպառնալիքներ է հնչեցրել դատախազի հասցեին:

Ի պատասխան բազմաթիվ հարցումների` ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատական նիստերի դահլիճում մեղադրանքը պաշտպանող դատախազի նկատմամբ` ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն գործադրելու կամ դրա գործադրման սպառնալիքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ըստ աղբյուրի` Ա.Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրելու ընթացքում իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու մեջ:

Ա.Պետրոսյանը նախկինում 4 անգամ դատապարտվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---